ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թագավո՛ր», մի բառ կասե՞ս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է` դեկտեմբերի 7-ին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հոգեհանգստի կարգ մատուցել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ Սա քմահաճ ու ինքնաբավ պահվածք չէր հոգևոր հովվի կողմից, ըստ էության, սա Նիկոլի քաղաքական և բարոյական կշռի չափն էր: Դեկտեմբերի 10-ի Բաքվում հաղթանակի շքերթի ժամանակ Ալիևը հայտարարեց, որ Զանգեզուրը, Սևանը, Երևանն Ադրբեջանի պատմական տարածքներն են: Դրանից առաջ պարբերաբար հայտարարում էր, թե Շուշին իրենց Շուշան քաղաքն է, և ունեցավ այն, որովհետև Նիկոլը Հայաստանի վարչապետն էր: Վստահ է, որ Զանգեզուրը, Սևանը, Երևանն էլ կունենա, քանի դեռ Նիկոլը վարչապետ է, և փաստացի պատրաստվում է նոր պատերազմի, մինչև Նիկոլը կհեռանա: Սա սեփական հասարակությանը տոնական փուչիկ մատուցել չէր, սա Փաշինյանի շքերթի հրապարակով որպես ռազմագերի անցկացնել էր սեփական հասարակության առջևով, նաև՝ աշխարհի:

Ըստ էության, հենց Ալիևը նույն հրապարակում հայտարարում է, որ քոչվորների հետ չպետք է խոսվի առևտրային, դիվանագիտական հարաբերությունների մասին: Սա Անդրանիկ Քոչարյանին և ՔՊ-ին պատասխան չէր` թշնամուն չափազանց քրիստոնեաբար ընդառաջ գնալու և շատ սիրելու համար: Սա Նիկոլին շքերթի հրապարակից դուրս շպրտել էր` մեռածի վրա տապանաքար դնելու պես: Իրական քոչվորը մեզ է քոչվոր ասում և այդպես մատուցում աշխարհին, որովհետև Հայաստանի վարչապետը Նիկոլն է: Իր հերթին Էրդողանը` երկրի վրա իր գործն արած, դիմում է երկինք` ոգեկոչելով մեռելներին, թե փառավորվում է հիմա Էնվեր փաշայի հոգին` տեսնելով հայերի նկատմամբ տարած այս հաղթանակի զորահանդեսը: Մենք չենք պնդում, որ այս պատերազմը ցեղասպանություն էր, թուրքն է խոստովանում: 1915-ին պետություն չունեինք, հիմա` մինչև վերջերս, հաղթանակած բանակով պետություն էինք: Այս նոր ցեղասպանությունը տեղի ունեցավ, Նիկոլ, երբ դու ՀՀ վարչապետ էիր և դեռ շարունակում է մնալ: Այսօր խոսում են շուրջ 5 հազար զոհի մասին այս պատերազմում` հիմնականում 18-20 տարեկան: Գրեթե մի ամբողջ սերունդ է ոչնչացվել` վաղվա Հայաստանը:

Ամեն օր հրապարակում ծնողներ են հավաքվում ու աղերսում` պահանջելով իրենց որդիներին՝ ողջ կամ մեռած, մի հույս տվող լուր են ուզում: Մոտ 40 հազար տեղահանվածներ կան Արցախից, որ վառել են սեփական տները և այսօր բնավեր ու շվար չգիտեն ինչ անեն: Վերջապես Արցախ ենք կորցրել` արյունով ազատագրած ու քառորդ դար ամրացրած: Հայաստանն է խարխլվել, բաց է թշնամու առաջ, միայն թե ցանկանա: Սա ո՛չ քրոնիկոն է, ո՛չ էլ բարոյական նկարագիր, սա նոր էջից սկսելու պատմությունն է Նիկոլ Փաշինյանի: Այսքան մահ ու ավեր վրադ, ո՞նց ես ապրում եւ ապրելու, տղա, ո՞նց ես շարունակում պաշտոնավարել: Ընդունենք, որ ժողովուրդը դեռ ուշքի չի եկել այս ցնցումից և չի ասում` գնա, իսկ դու ո՞նց ես մնում: Քո վաստակած ամոթը մեր ամոթն է, և մենք չենք կարողանում գիշերը քնել, դու ո՞նց ես քնում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular