Հայտնի է, թե որքան գումարի ռազմական արտադրանք է 2020-ին ԱՄՆ-ն մատակարարել ՀՀ-ին ու Ադրբեջանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալության՝ երկուշաբթի հրապարակված տվյալները ցույց են տալիս, թե 2020թ. ֆինանսական տարում որքան գումարի ռազական արտադրանք է ԱՄՆ-ն մատակարարել տարբեր երկրներին:
Նշվում է, որ 2020 թվականին ԱՄՆ-ն Վրաստանին մատակարարել է 62,8 մլն, Ադրբեջանին՝ 509 հազար, Հայաստանին՝ 2 հազար դոլարի ռազմական արտադրանք: Մինչդեռ Թուրքիային նույն ժամանակահատվածում մատակարարվել է ավելի քան 82 մլն դոլարի արտադրանք:
Ընդհանուր առմամբ, 1950-2020թթ. ընթացքում Միացյալ Նահանգները ՀՀ-ին մատակարարել է 51 098 783, Ադրբեջանին՝ 56 181 898, Վրաստանին՝ 533 443 826, Իրանին՝ 10 715 417, Թուրքիային 20 951 129 064 դոլարի ռազմական արտադրանք:
Ուկրաինայի դեպքում 2020թ. ֆինանսական տարում ցուցանիշը կազմել է 510,5 մլն դոլար, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է այդ երկրի համար:
Պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալությունը Պենտագոնի կառույց է, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման, ԱՄՆ-ի և այլ պետությունների զինված ուժերի միջև կապերի խթանման, պաշտպանության ոլորտում Վաշինգտոնի օտարերկրյա գործընկերներին ֆինանսական և տեխնիկական աջակցության համար: