«Հայփոստ»-ը հորդորում է իր անունից հանդես եկող որևէ նախաձեռնության անձնական տվյալ չհրապարակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռաջին դեպքը չէ, որ դրամահավաքի անվան տակ ակտիվանում են նաև խարդախությամբ զբաղվող խմբեր և օգտվելով հասարակության հուզական տրամադրությունից, փորձում են տարբեր ձևերով գումար շորթել քաղաքացիներից:
Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմի ընթացքում ևս սնկի նման աճեցին տարատեսակ դրամահավաք կազմակերպող նախաձեռնությունները, որոնցից շատերի ո՛չ ծագման և ո՛չ էլ գործունեության մասին հետագայում այդպես էլ պատշաճ տեղեկություն չտրամադրվեց: Ուշագրավ է, որ եղել են նաև նախաձեռնություններ, որոնք որոշել են այս կամ այն կազմակերպության անունից հանդես գալ և նույնիսկ ֆեյք մրցույթեր կազմակերպել, առանց մտածելու, որ շրջանառության մեջ դրված սուտը կարճ ժամանակ անց կբացահայտվի:
Եվ, կարծես, սկսվել է բացահայտումների շրջանը, բայց մինչ իրավապահ մարմինները կպարզեն, թե ովքեր են առանձնահատուկ ճարպկությամբ գործել, «Հայփոստ» ՓԲԸ-ն արդեն իսկ տեղեկություն է տարածել, որ «Հայփոստ»-ը գովազդային բնույթի որևէ մրցույթ չի կազմակերպել և հորդորում է քաղաքացիներին իր անունից հանդես եկող որևէ նախաձեռնության շրջանակներում անձնական տվյալ չտրամադրել:
«Ուշադրություն. Վերջին օրերին «Հայփոստ»-ին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են «Հայփոստ»-ից հաղորդագրություն՝ գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ: Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս, որևէ անձնական տվյալ չտրամադրել։ Հիշեցնում ենք, որ «Հայփոստ»-ի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով և ԶԼՄ-ներով։
«Հայփոստ» ՓԲԸ»
Արմինե Գրիգորյան