ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտկոցում պայմանավորվել էինք՝ տղաները չէին ասելու՝ էս մեկը ծանր է, աղջկա գործ չի (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ռազմաճակատից վերադարձած մարտիկներն արդեն մշտական տեղակայման վայրերում են եւ աստիճանաբար անցնում են առօրյա ուսումնամարտական խնդիրների կատարմանը։

«Զինուժ մեդիան» ռեպորտաժ է պատրաստել հակատանկային զորամասերից մեկի հետպատերազմյան առօրյայից։

«Պատերազմի սկսելու առաջին օրվանից՝ երեկոյան ուշ ժամի հասել ենք մարտական գործողությունների վայր, ընդգրկվելով մարտական խնդրի կատարմանը, կատարել ենք խնդիրները մինչեւ վերջին պահը»,- պատմում է դասակի հրամանատար Սարգիս Գրիգորյանը։

Մահից բազմիցս են փրկվել, ողջ են մնացել հրամանատարների ճիշտ որոշումների շնորհիվ ու իրենց ներդաշնակ գործողությունների արդյունքում։

«Թե հետդ ինչ է կատարվելու չես մտածում այդ րոպեին. առաջինը մտածում ես՝ խնդիրդ կատարել, որովհետեւ էդ րոպեին միայն դու չես այնտեղ, կողքդ էլ մարդիկ կան։ Քո գործողություններից է կախված քո ու քո կողքի մարդկանց կյանքը»,- ասում է հաշվարկի հրամանատար Արմեն Սիմոնյանը։

Բանաձեւը բոլորի համար է անփոփոխ, հատկապես հաշվարկներում ներգրավված կանանց համար։ Նրանք մեկնել են մարտի տղաներին հավասար ու նույնքան հավասար էլ կռվել ու աչքի են ընկել։

«Յուրաքանչյուրս գիտակցում էինք, որ մեր՝ մի վայրկյան ուշանալուց, խառնվելուց մնացած ամբողջ մարտկոցի կյանքն է կախված»,- պատմում է մարտկոցի կապավոր Արփինե Կիրակոսյանը։

Մարտկոցի կյանքը փրկվեց, խնդիրը կատարվեց նաեւ այս կանանց շնորհիվ։ Առաջին երկու օրերը տագնապների փուլն էր, անսովոր պայմաններում էին կռվում, հետո ամեն ինչ տեղն ընկավ, տագնապներն անցան աննկատ, ու նկատելի դարձավ յուրաքանչյուրի խիզախությունն ու ոգեւորությունը։

«2-3 օրվանից արդեն մեզ համար սովորական դարձավ ձայներն էլ, ամեն ինչն էլ։ Ամենակարեւորն այն էր, որ բոլորս մեր մեջ ուժ գտանք, կարողացանք կառավարել մեզ ու կատարել բոլոր հրամաններն ու հրահանգները՝ պատվով»,- պատմում է կին կապավորը։

Յուրաքանչյուրն իր գործով է զբաղված, հատկապես կանայք իրենց հաշվարկներով, նշումներով, թիրախների մասին կոորդինատներ փոխանցելով։ Պատերազմի օրերին կանայք մասնակից էին բոլոր դրվագներին. զենքի լիցքավորումից մինչեւ արձակում եւ խոցում։

«Մարտկոցում ունեինք պայմանավորվածություն, որ մինչեւ պատերազմի ավարտը տղաները մեզ չէին նայելու որպես աղջիկներ ու չէին ասելու՝ էս մեկը ծանր է կամ էս մեկն աղջկա գործ չի»,- ասում է Արփինե Կիրակոսյանը։

Հրամանատարն ասում է՝ կանանց մասնակցությունն անգնահատելի էր, կարեւոր ու առանցքային բոլոր հաջողություններում։ Այսօր էլ նրանք համարձակությամբ ու ավելի վստահ իրենց տեղերում են։

«Նախքան մարտական գործողությունների սկսելը վստահ ենք եղել նրանց պատրաստակամության եւ մասնագիտական գիտելիքների վրա, սակայն չէինք կարող պատկերացնել, որ կարող են ցուցաբերել նման բարձր կամային որակներ եւ քաջալերել նաեւ արական սեռի ներկայացուցիչներին»,- նշում է դասակի հրամանատար Սարգիս Գրիգորյանը։

Այս օրերին նրանք պարբերաբար են հիշում մարտական օրերն ու պատմությունները։ Արել են առավելագույնը, խոցել բազմաթիվ նշանակետեր ու գերազանց ծառայության, ակտիվ մասնակցության համար պարգեւատրվել են «Մարտական խաչով»։

Հակատակայիններն այս պատերազմում փայլել են։ Հակառակորդի օդային հարվածների ներքո շարունակել են մարտ վարել ու չեն լքել իրենց դիրքերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular