Ծանոթ ու միաժամանակ անհայտ` ռևոլվեր ատրճանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌևոլվերը անհատական, ոչ ավտոմատ հրազեն ատրճանակ է, որի պահունակը պտտվող թմբուկ է և միաժամանակ փամփշտանոց: Առաջին ռևոլվերը ստեղծվել է դեռ 16-րդ դարում: Այն աշխատել է թմբուկի խցիկում վառոդի բռնկման սկզբունքի վրա, որի համար օգտագործվել է վառվող քուղ կամ կայծքարային փական: Այդ մեթոդով կրակ վարելու համար պետք է եղել յուրաքանչյուր կրակոցից հետո վառոդ լցնել թմբուկի մեջ, որը, կրակոցի ժամանակ բռնկվելով, ստիպում էր բռնկվել փամփուշտի հիմնական լիցքին, որն էլ առաջ էր մղում փամփուշտը: Այդ ամենը խիստ անհարմար էր և վտանգավոր, քանի որ այրվող վառոդի մասնիկները կարող էին տարածվել և պայթեցնել նաև թմբուկի մեջ գտնվող այն պահեստային լիցքերը՝ փամփուշտները, որոնք դեռ փողի մեջ չեն: Այլ կերպ ասած՝ տեղի էր ունենում կրկնակի կրակոցներ, միաժամանակյա այլ թմբուկային խցիկներից: Այդ իսկ պատճառով առաջին ռևոլվերները լայնորեն չեն օգտագործվել:
1818 թվականին ամերիկացի Արտեմաս Ուիլերը ԱՄՆ-ում ստեղծել և արտոնագրել է կայծքարային փականով ռևոլվեր, որի կառուցվածքը արդեն բացառել է վառոդի մասնիկների թափանցումը թմբուկի այլ խցիկներ: Դա իրականացվել է զսպանակի օգնությամբ, որը կրակոցի ժամանակ թմբուկն առաջ է մղել: Նույն թվականին Ուիլերի Կոլլիեր անունով նրա համաքաղաքացին և ընկերը արտոնագրել է այդ ռևոլվերը Անգլիայում: Այնտեղ նա բացել է գործարան, որտեղ արտադրվել են Ուիլերի նախագծած ռևոլվերները և որսորդական հրացաններ: Այնուամենայնիվ, այդ ռևոլվերը ևս ունեցել է բազմաթիվ թերություններ, որոնք ի վերջո լուծվել են հարվածային-պարկուճային մեխանիզմի հայտնագործմամբ: Պարկուճը ստեղծել է անգլիացի զինագործ Ժոզեֆ Էգգը մոտավորապես նույն ժամանակ, երբ Ուիլերը ստեղծել է իր ռևոլվերը: Պարկուճի ստեղծմամբ ավարտվել է կայծքարային հրազենքի դարաշրջանը, քանի որ արդեն պարկուճում վառոդի բռնկումը տեղի էր ունենում ձգանը քաշելիս պարկուճին հարվածով: Դրա շնորհիվ աճել է կրակի վարման տեմպը, պակասել են սխալները և զրոյացվել է եղանակի ազդեցությունը կրակի վարման վրա:
Այնուամենայնիվ, ռևոլվերը դեռ լիցքավորվում էր փողից, բացի այդ էլ դեռ կոմպակտ փամփուշտներ չկային: 1835 թվականի վերջին ամերիկացի մի երիտասարդ Սամուել Կոլտ անունով ստացել է աշխարհում առաջին կապսուլային ռևոլվերի արտոնագիր: Դա Կոլտ-Պետերսոնի ռևոլվերի արտոնագիրն է: Մեկ տարի անց Կոլտը սկսել է այդ ռևոլվերների մասսայական արտադրությունը: 1839 թվականին սկսվել են արտադրվել արդիականացված Կոլտ-Պետերսոններ, որոնք արդեն ունեցել են լծակներ փամփուշտները թմբուկի մեջ մղելու համար, որն ավելի հեշտ և պարզ է դարձնել ռևոլվերի լիցքավորման գործընթացը: Կոլտը ստեղծել է նմանատիպ նաև այլ մոդելներ, բայց դրանք մեծ պահանջարկ չեն ունեցել, և միայն 1851 թվականին նրա կողմից արտադրված Կոլտ մոդել1851 «Ծովային»-ն է լայն ժողովրդականություն ստացել և արտադրվել ավելի քան 20 տարի: Այսպիսով, անհնար է միանշանակ նշել ռևոլվեր ստեղծողին: Իհարկե Ուիլերն այն ստեղծել է ավելի վաղ, բայց հենց «Կոլտ» ատրճանակն է լայն տարածում գտել, և ճանաչվել ամբողջ աշխարհում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը