Շահումյանի շրջանի 2 գյուղ կմնան Արցախի կազմում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇահումյանի շրջանի երկու գյուղերի հետ կապված անհասկանալի իրավիճակ է ստեղծվել։ Դրանք նախկինում եղել են Մարտակերտի կազմում, ապա տրվել են Շահումյանի շրջանին։
Արցախի Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղը մնում է հայկական վերահսկողության տակ։ Ամենայն հավանականությամբ, նույն ճակատագրին կարժանանա նաև Չարեքթար գյուղը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը։
Նշենք, որ երկու օր առաջ ՀՀ կառավարությունը հրապարակեց Արցախի այն 121 բնակավայրերի (քաղաքներ ու գյուղեր) ցանկը, որոնք նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության արդյունքում անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այդ ցուցակում ներառված էին նաև Ակնաբերդը և Չարեքթարը։
«Ակնաբերդը մնում է մեզ։ Եթե չեմ սխալվում, Չարեքտարը` նույնպես», - ասաց Բախշիյանը։
Նրա խոսքով` նախկինում, երկու գյուղերն էլ Մարտակերտի շրջանի մեջ էին մտնում։ Հետո դրանք հանձնվել են Շահումյանի շրջանին։
Նա նշել է, որ հայկական վերահսկողության տակ պետք է մնա Դադիվանքից արևելք ընկած տարածքը։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։