ՀՀ նոր հրամայականը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարել է, որ չի կարծում, թե պատերազմի դադարի և նոյեմբերի 9-ի համաձայնագրի հարցը լուծվել է առանց ԱՄՆ ու Ֆրանսիայի մասնակցության: Նա նշել է, որ հաշվի են առնվել Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների ունեցած դիրքորոշումները: Լավրովը նաև ակնարկել է, որ կա ՌԴ նախագահի հաջողության հանդեպ որոշակի խանդ: Ըստ էության՝ ԱՄՆ ու Ֆրանսիան նոյեմբերի 9-ից ի վեր ակնարկում են, որ Ռուսաստանը գնացել է Թուրքիայի հետ անջատական համաձայնության: Ռուսաստանն ի պատասխան ակնարկներ է անում, որոնց իմաստը հետևյալն է՝ դուք մեզ թողել եք ՆԱՏՕ անդամ Թուրքիայի դեմ մենակ, մենք էլ պայմանավորվել ենք:
Փաստացի Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան Թուրքիայի վրա ազդեցության մի շարք լծակներ ունեին՝ Արցախի դեմ ագրեսիա թույլ չտալու համար: Թե ինչու այն չեն օգտագործել, հատկապես Միացյալ Նահանգները, այլ հարց է: Միևնույն ժամանակ հարց է, թե արդյոք միջուկային տերություն Ռուսաստանը չէր կարող ինքը կանգնեցնել պատերազմը: Մոսկվան սակայն ակնարկում է, թե ինչու ձեզ կարելի է խաղալ Թուրքիայի հետ, իսկ ինձ՝ ոչ: Այդ ամենի զոհը դարձել է Հայաստանը: Այստեղ, իհարկե, կա հայկական քաղաքական դասի եւ հետխորհրդային շրջանի իրար հաջորդող վերնախավերի հսկայական պատասխանատվությունը, ինչի մասին խոսվել է տարիներ ի վեր, այդ թվում հնարավոր հետևանքների նախազգուշացումով:
Փոխարենը, արձագանքը եղել է հարցերն ու հարցադրումները «ռուսամետ-արևմտամետ» կամ «հակառուս-հակաարևմտամետ» շրջանակում փակելն ու պարզունակացումը, որը փակել է որևէ լուրջ քննարկման ճանապարհ: Այդ ամենի հետևանքով է նաև, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանի կյանքում լուրջ շրջադարձի հնարավորությունը չվերաճեց քաղաքական լուրջ շրջափուլի: Որովհետև գրեթե անմիջապես Հայաստանը վերադարձավ «ռուսամետ-արևմտամետ» պարզունակության տիրույթ: Դրա արմատները, իհարկե, թե՛ քաղաքական մտածողության, թե՛ մոտիվների խորքում են: Հայաստանը ներկայումս կանգնած է այդ խորքից վերստին դուրս գալու հրամայականի առաջ: Դժբախտաբար՝ հայրենիքի, հաղթանակի կորստի եւ հազարավոր զոհերի ու վիրավորների գնով: Որովհետև քաղաքական դասից գործնականում որևէ մեկը, առանց բացառության, եւ այդ թվում քաղաքական կառավարման լծակի եկած հավաքական ուժը չգնահատեց հայկական հետխորհրդային պետականության երեք տասնամյակի բախտորոշ առանձնահատկությունը՝ անարյուն շրջադարձի արժեքը և իմաստը:
Անդրանիկ Կիրակոսյան