Վտանգված է նաև հայկական մշակութային արժեքների ճակատագիրը. Նարինե Խաչատուրյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանի տեղեկացմամբ Արցախում մոտ 5000 հուշարձան կա, որոնք պատմական արժեք են ներկայացնում: Դրանք փաստաթղթավորված են, բայց մեծ հարց է, թե հետագայում այդ հուշարձանների պահպանության հարցն ինչպես հնարավոր կլինի լուծել:
«Այս պահին որևէ մեխանիզմ չկա դրանց անվտանգությունը պահպանելու համար, քանի որ վարչապետի ստորագրած փաստաթղթում այդ մասին որևէ անդրադարձ չկա: Եվ, այս առումով բավական անհասկանալի իրավիճակ է, թե ինչպես պետք է վերահսկվի այդ տարածքների հուշարձանների պաշտպանությունը: Չկա նաև մարդկանց տարհանման, փոխհատուցման և այլ հարցերի մասին ինֆորմացիա: Միակ հույսը, որը կարող է մշակութային վանդալիզմից հետ պահել՝ միջազգային փաստաթղթերն են, բայց Ադրբեջանի դեպքում դժվար է դրանց վրա հույս դնել»,- 1or.am-ին ասաց փոխնախարարը:
Ն. Խաչատուրյանը նշեց նաև, որ թեև թղթի վրա գրված է, թե այս կամ այն կոնվենցյաներով ինչպես պետք է պահպանվեն մշակութային ժառանգություն հանդիսացող հուշարձանները, սակայն, քանի որ Արցախը չճանաչված հանրապետություն էր, ուստի այդտեղ գտնվող մշակութային ժառանգությունը չէր մտում հատուկ պահպանվող մշակութային արժեքների ցանկում:
«Մենք դիմել ենք միջազգային կառույցներին, որպեսզի աշխարհում չճանաչված պետությունների մշակութային արժեքները ստանան պահպանման հատուկ կարգավիճակ: Ինչ վերաբերում է վանդալիզմի դեպքերի հանդեպ միջազգային կառույցների սրտաճմլիկ արձագանքին, ապա դա ոչինչ չի տալիս: Հարկավոր է հստակ գործուն քայլեր ձեռնարկել, սակայն այս պահի դրությանբ դժվար է ասել, թե ինչ հնարավոր կլինի անել, հաշվի առնելով մեր հակառակորդի մոտեցումները հայկական մշակութային ժառանգությանը»,- ասաց Ն. Խաչատուրյանը:
Արմինե Գրիգորյան