Պարզվել է, որ կորոնավիրուսից առողջացածների պլազման անօգուտ է հիվանդների բուժման համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆlenta.ru-ն գրում է, որ կորոնավիրուսից առողջացածների պլազման անօգուտ է հիվանդների բուժման համար: Նման եզրակացության մասին է գրվել Բրիտանական բժշկական ամսագրում (BMJ), որտեղ հրապարակվել են գիտնականների ուսումնասիրությունները: Այսպիսով, ապրիլից հունիս ամիսներին Հնդկաստանում կորոնավիրուսով վարակված 464 հիվանդ է մասնակցել այդ գիտափորձին: Նրանց կեսը պլազմայի փոխներարկում է ստացել, իսկ երկրորդ կեսին նշանակվել է դասական բուժում: Պարզվել է, որ արյան պլազմայի ներարկումը չի նվազեցրել COVID-19-ի ծանր ընթացքը կամ մահվան ռիսկը:
Այնուամենայնիվ, Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը հայտարարել է, որ այդ ուսումնասիրության մեջ օգտագործվել է այնպիսի պլազմա, որի մեջ հակամարմինների մակարդակը 6-10 անգամ ավելի ցածր է, քան օգտագործում են Բրիտանիայում բուժման համար: Պլազմայի օգտագործումը վարակի բուժման համար համարվում է հեռանկարային ուղղություն: Նման տիպի դեղամիջոց ստեղծելու մասին հայտարարել է նաև Ռուսաստանի առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն: Նրա խոսքերով այդ դեղամիջոցը ունենալու է ավելի բարձր կոնցենտրացիա և նախատեսված է ծանր ընթաացքով հիվանդների բուժման համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը