Կամաց-կամաց հակառակորդի հարցերը լուծում ենք. Գագիկ Մելքոնյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը խոսելով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների մասին նշեց, որ հայկական բանակը սկսել է կամաց-կամաց հակահարձակման անցնել:
«Հարավային ուղղությամբ դիրքեր ենք հետ վերցրել և սպասում ենք տերևաթափին: Մոտ երկու շաբաթ հետո տերևաթափ կլինի և մեր տեսադաշտը կբացվի, իսկ հակառակորդը այլևս թաքնվելու տեղ չի ունենա: Կամաց-կամաց հակառակորդի հարցերը լուծում ենք ու մինչև վերջ կլուծենք: Մի քիչ էլ որ եղանակը ցրտի ավելի նպաստավոր կլինի մեզ համար»,- ասաց Գ. Մելքոնյանը:
Նրա տեղեկացմամբ ներկայում ավելի շատ պարտիզանական մարտեր են ընթանում, որի ժամանակ մեր զինվորները վերջ են տալիս հակառակորդի ուժերին: Եվ թշնամու՝ Շուշին վերցնելու նպատակը երբեք էլ չի իրականանա, համոզված է փորձառու զինվորականը: Նրա խոսքով՝ վարձկանները ինչքան գան, այնքան կկոտորվեն և իրենց նպատակին երբեք էլ չեն կարողանա հասնել:
«Մենք թույլ չենք տա, որ Ալիևի ու Էրդողանի երազանքը կատարվի: Փառք հայոց բանակի մեր մարտիկներին, որոնց հաջողվում է թուրք-ադրբեջանական հրոսակախմբերին ոչնչացնել: Այսպիսին է հայ զինվորը, որը թույլ չի տա, որ իր երկրի հանդեպ որևէ մեկը ոտնձգություն իրականացնի: Փառք մեր զինվորին ու մեր զինված ուժերին»,- ասաց Գ. Մելքոնյանը:
Արմինե Գրիգորյան