Թշնամին միայն մեկ նպատակ ունի՝ հայաթափել Արցախը և ցեղասպանություն իրականացնել. Դավիթ Բաբայան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀետադարձ հայացք նետելով պատերազմական ողջ օրերին Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի կարծիքով՝ երեկ գիշեր և այսօր առավոտյան ամենաթեժն է եղել պատերազմական ողջ 40 օրերի ընթացքում։
«Ստեփանակերտում մեկ վայրկյան անգամ հրթիռակոծումները չեն դադարել: Առավոտից ողջ օրվա ընթացքում տագնապի ազդանշան է միանում: Մայրաքաղաքը հրթիռակոծում են տարբեր զինատեսակներից։ Մեր հակաօդային համակարգը ևս աշխատում է և ուժգին հարվածներ հասցնում: Կարծում եմ քիչ առաջ ևս մեկ անօդաչու թռչող սարք խոցվեց։ Ձայերից ենք նման եզրահանգում անում այս պահին: Ստեփանակերտը շարունակում է ապրել պատերազմող երկրի մայրաքաղաքի առօրյայով։ Թշնամին միայն մեկ նպատակ ունի՝ հայաթափել և կործանել Արցախը և ցեղասպանություն իրականացնել, ուստի պատրաստ են ցանկացած նենգության, այդ թվում՝ նաև ռազմի դաշտում։ Այս ամենը բոլոր չափանիշներով էթնիկ զտումներ են, այսինքն՝ ցեղասպան քաղաքականություն: Սա այն է, ինչ պանթյուրքիստական շրջանակներն իրականացրել են 1915 թվականին և նույնը շարունակում են հիմա»,- 1or.am-ին ասաց Դ. Բաբայանը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական ուժերը փորձում են գրոհներ կազմակերպել Շուշիի ուղղությամբ, սակայն հայկական բանակի կողմից ոչնչացվում են և հետ շպրտվում: Նշենք նաև, որ միայն մեկ օրում մեր բանակին հաջողվել է չեզոքացնել հակառակորդի մոտ 250 զինյալ գրոհայինի, ոչնչացնելով նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք:
Արմինե Գրիգորյան