Հունական Դիդիմոտիխոն քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունական Դիդիմոտիխոն քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ համերաշխություն հայտնելով հայ ժողովրդին և դատապարտելով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումներն ու բռնարարքները։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ բանաձևում քաղաքի իշխանությունները նաև դատապարտվում են այն բոլոր կողմերին, որոնք աջակցություն են ցուցաբերում Արցախի դեմ ագրեսիային։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։