Յուրաքանչյուր հայի համար գլխագին է սահմանված, որը խոսում է Ադրբեջանի հանցագործ պետություն լինելու մասին. Նազենի Վարդանյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմը վաղուց խախտել է պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները, ռմբակոծելով պատմական մշակութային օջախներ, հիվանդանոցներ, մարդկանց դեմ կիրառելով արգելված զինատեսակներ: Վերջին շրջանում ադրբեջանական կողմը կասետային զինատեսակներից բացի Արցախի դեմ կիրառեց նաև ագելված մեկ այլ՝ ֆոսֆորային տարրեր պարունակող զինատեսակ, որի արդյուքնում այրվեցին անտառներ ու բնակավայրեր:
Բնապահպան, իրավաբան Նազենի Վարդանյանն անդրադառնալով պատերազմական հանցագործություններին, 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև նախկինում ևս Ադրբեջանն իր դեմքը ցույց էր տվել, բայց այս չափով և այս մակարդակի վայրագություններն անցել են բոլոր սահմանները:
«Փաստացի, յուրաքանչյուր հայի գլխի համար գին է սահմանված, որը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը հանցագործ պետություն է, թույլ է տալիս ռազմական հանցագործություններ, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում են դատապարտելի արարքներ: Ռազմական հանցագործությունների ցանկում է նաև գենոցիդը: Եվ, այն ինչ այսօր իրականացվում է հայերի նկատմամբ՝ ցեղասպանություն է, քանի որ նույնիսկ մեկ մարդու ազգային պատկանելության պատճառով սպանությունը դիտվում է որպես գենոցիդ: Եվ այն, ինչ այսօր կատարվում է Արցախի դեմ՝ խոսում է ողջ ազգի հանդեպ ցեղասպանություն իրականացնելու մասին, որի մասին, որքան էլ զարմանալի է, բացահայտ հայտարարում են Ադրբեջանի իշխանությունները և ադրբեջանցի գործիչները: Այս ամենի պատասխանը պետք է միջազգային հանրությունը տա, հակառակ դեպքում նույն վայրագությունները տարբեր երկրներում կշարունակվեն: Միշտ էլ այդպես է, եթե հանցագործները պատասխանատվության չեն ենթարկվում և պատիժ չեն կրում, այն ծնում է նոր հանցագործություն: Ես հույս ունեմ, որ ինչքան էլ միջազգային հանրությունը փորձի աչք փակել, միևնույն է, ինչ-որ պահի ստիպված է լինելու առերեսվել իրականության հետ, քանի որ արդեն բացահայտ ագրեսիայի ալիք է սկսվել նաև Եվրոպայում»,- ասաց Ն. Վարդանյանը:
Խոսելով բնությանը հասցված վնասի մասին, իրավաբանը նշեց նաև, որ արգելված զենքերով անտառներն այրելու փաստը էկոցիդի վառ դրսևորում է, որը զուգահեռաբար իրականացվում է գենոցիդի հետ միասին: Ու թեև Ադրբեջանը և Թուրքիան չեն միացել որոշ միջազգային կոնվենցիաների, սակայն, ուշ թե՝ շուտ նրանք կկանգնեն Հաագայի դատարանի առջև մարդու և բնական միջավայրի դեմ իրականացված հանցագործությունների համար:
Արմինե Գրիգորյան