Ներկա իրավիճակում խրամատային մեր լսարանին լուրերից զատ ցանկացած այլ բան պարզապես նյարդայնացնում է. Գարեգին Խումարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պարզվում է՝ բացակայելուս այս մեկ ամսվա ընթացքում ռադիոյին ուղղված հիմնական հարցը հետևյալն է եղել. «Ինչու՞ ենք հանել բոլոր հաղորդումները և միայն լուրեր ու երաժշտություն հեռարձակում»: Ծրագրային այս փոփոխությունը հետևյալ պատճառով է արվել՝ Հայաստանի Հանրային ռադիոն կռվի առաջին ժամերից վերածվել է խրամատային լրատվամիջոցի: Ռազմաճակատում հեռուստատեսության, թերթերի ու ինտերնետի հնարավորություն չկա, և բանակը ռադիո է լսում: Վստահեցնում եմ, որ ներկա իրավիճակում խրամատային մեր լսարանին լուրերից զատ ցանկացած այլ բան պարզապես նյարդայնացնում է: Անգամ ամենալուրջ վերլուծությունն այնտեղ իբրև պարապ խոսակցություն է ընկալվում:
Պնդում եմ սա ոչ թե որպես ռադիոյի ղեկավար, այլ նաև որպես շարքային խրամատային ունկնդիր: Ներկայումս մենք ելնում ենք այն հանգամանքից, որ մեր հիմնական լսարանը կռվող բանակն է, և ծրագրացանցը կազմված է այդ փաստից ելնելով: Ինձ համար շատ հասկանալի է քաղաքացիական մեր ունկնդիրների դժգոհությունը, բայց և այնպես Հանրային ռադիոն շարունակելու է աշխատել մոտավորապես նույն կերպ: