Արցախի երեխաները 100 տոկոսով զրկվել են կրթության իրավունքից. Արցախի ՄԻՊ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում բազմաթիվ դպրոցներ և մանկապարտեզներ են վնասվել: Արցախի երեխաները 100 տոկոսով զրկվել են կրթության իրավունքից: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ու կցել մանրամասները ցուցադրող տեղեկապատկերներ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։