Նիկոլ Փաշինյանի՝ Պուտինին գրած նամակի տեքստը չգտա, բայց դատելով Ռուսաստանի արձագանքից, պարզ է դառնում, որ այն անկեղծ նամակ չի եղել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Նիկոլ Փաշինյանի՝ Պուտինին գրած նամակի տեքստը չգտա։ Բայց դատելով Ռուսաստանի արձագանքից, պարզ է դառնում, որ այն անկեղծ նամակ չի եղել։ Որովհետեւ երբ ենթադրում են, որ Հայաստանը պետք է ռազմա-քաղաքական օգնության համար դիմի Ռուսաստանին, դա նշանակում է, որ Հայաստանը պետք է իր ընտրությունը կատարի ղարաբաղյան հարցի լուծման տարբերակների միջեւ։
Ռուսաստանին դիմումը մի պարզ գրություն չէր կարող լինել, այդ նամակը պետք է նշանակի ողջ քաղաքականության վերանայում։ Քաղաքականության փոփոխության առաջին նշանը պետք է լինի քաղաքացիների հետ ազնիվ երկխոսություն սկսելը։ Իսկ եթե Նիկոլն ազնիվ լիներ, նա արդեն մի երեք անգամ լայվ էր մտել ու բացատրել այդ քայլի անհրաժեշտությունը եւ պայծառ հեռանկարները։ Հաջորդ քայլը պետք է լիներ ազատ խոսքի սահմանափակումները հանելը, որովհետեւ քաղաքացիներին հիմա արգելում են դիտարկումներ, անգամ՝ ենթադրություններ անել, որոնք կհակասեն պաշտոնյաների խոսքերին։ Խոսքի սահմանափակումները հանելը կբերեր քաղաքականության այս փոփոխության վերաբերյալ հանրային քննարկումների, մինչդեռ, եթե մեր բերանը փակ են պահում, նշանակում է էլի ուզում են խաբել եւ ուզում են, որ մենք այդ մասին չխոսենք, եւ որ ուրիշները, ու մանավանդ ռուսները, չնկատեն, որ իրենց խաբում են։
Նիկոլն, իր կարծիքով շատ շուստրի հաշվարկ է արել ՝ մի կողմից նա փակում իր ընդդիմախոսների բերանը, ովքեր մեկ ամիս շարունակ ասում էին․ «Դիմիր Ռուսաստանին», մյուս կողմից ձիով քայլ է անում Մոսկվայի հանդեպ նրա երեսին մի թուղթ շպրտելով, բայց այնպես գրված թուղթ, որ ինքը հետո իրավունք ունենա ասելու․ «Բա որ ասում էի՝ չեն օգնելու»։
Ռուսաստանը շատ լավ է հասկանում Նիկոլի մտադրությունը, ով ուզում է իր օգնությամբ ու իր զենքով ժամանակ ձգել մինչեւ մինչեւ միայն իրեն հայտնի ինչ-որ իրադարձություններ, որից հետո նրա կարծիքով Արեւմուտքը իր փոխարեն կլուծի ղարաբաղյան հարցը։ Ու այս ամենը լավ հասկանալով, Ռուսաստանը չի հրաժարվում օգնություն տրամադրելուց, սկսում է քննարկումներ, կոնսուլտացիաներ, նախագծումներ, ձգձգումներ, մինչեւ Նիկոլը հասկանա, որ Մոսկվային խաբել չի կարող։
Ոստիկանության արդեն որերորդ այցելությունը Սաթիկ Սեյրանյանենց տուն ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները չքննարկվելն ու չքննադատելը մնում են ուժի մեջ, եւ մնում են որպես խոսքի սահմանափակման հիմնական պատճառն է։ Պանիկան տարածողներին չեն տուգանում եւ Նիկոլ Փաշինյանն ինքը առաջին պանիկա տարածողն է, թշնամական պրոպագանդա սփռողներին չեն խանգարում, եւ վարչապետի սիրելի «Ազատություն» ռադիոկայանը առաջին ադրբեջանական քարոզիչն է։ Բայց Նիկոլ Փաշինյանի գործողությունները քննարկողներին տուգանում են, քանի որ վերջինս անկեղծ չէ՝ մի բան է ասում, ուրիշ բան անում։
Ցավն այն է, որ եթե ես այս ամենը գիտեմ, ապա Կրեմլում հաստատ գիտեն, իսկ ղարաբաղյան ռազմաճակատում իրավիճակը կշարունակի նահանջներ արձանագրել։