ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե այս տարիքում պիտի մահանամ, լավ կլինի` բանակում»․ նահատակված Սայաթ Բարսեղյանի 6 տարի առաջվա գրառումների ու նրա նպատակների մասին պատմում են հարազատները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

24-ամյա Սայաթը հազվադեպ հանդիպող տեսակ էր, սրտացավ, անկեղծ, բարի, նեղ օրերին հասնող, լավ օրերին սրտանց ուրախացող, նվիրված թե՛ ընկերոջը, թե՛ ընտանիքին, հայրենիքին, ուսմանը, ցանկացած գործին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց Արցախում հակառակորդի դեմ մարտերի ընթացքում զոհված Սայաթ Բարսեղյանի ընկեր Գևորգը:  

«Սայաթը մասնակցել էր Ապրիլյան պատերազմին ու ուխտ էր արել, որ այցելելու է զոհված տղաների ընտանիքներին, ցուցակ էր կազմել, զենքի դետալից փոքր հուշանվերներ պատրաստել, որ թողներ նրանց որպես հիշատակ։ Ու ըստ ցուցակի՝ ոտքով գնացինք մինչև Արցախ։ Փորձում էր մխիթարել ընտանիքներին, նա ամեն մեկի վիշտն իրենն էր համարում»,-պատմում է նա:

Գևորգն ասում է՝ Սայաթը սեպտեմբերի 21-ին բարձրացել էր Արագածի հարավային գագաթ ու փոքր հուշաքար էր տարել՝ ի հիշատակ Ապրիլյանի պատերազմում զոհված տղաների: Սեպտեմբերի 27-ի առավոտյան պատերազմի լուրը նոր էր լսել, երբ զանգել է ընկերոջն ու ասել՝ գնում եմ  կամավորագրվելու: Գևորգն ասում է՝ այս օրը երեկոյան իմացել են, որ Սայաթն արդեն Արցախում է։

Ընկերը պատմեց, որ Սայաթի հետ խոսել է նրա զոհվելուց մի քանի օր առաջ․ «Ասեց, որ հանգիստ լինենք, նա լավ է, լեյտենանտի կոչում են տվել, արդեն դասակի հրամանատար է, խնդրեցի, որ գոնե իջնի հանգստանալու, ասաց՝ չեմ կարող դիրքը թողնել, կգամ, կպատմեմ, շատ բաներից եմ փրկվել, շարունակեք աղոթել, շատ է օգնում։»

Նահատակված հերոսի քույր Գրետա Պապոյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է՝ դեռ մանկուց Սայաթը զգացել է, որ պատերազմ է լինելու, որ մասնակցելու է, առանց  վախի մինչև վերջ պայքարելու է: «Մենք չենք իմացել, որ նա այսքան հայրենասեր է եղել: Իր տեսակն այնպիսին էր, որ մենք իր անձնական տարածք չէինք կարող մտնել, չպետք է տեսնեինք, թե ինչ է գրում, ինչեր ունի: Այս վերջին մի քանի օրերին նրա սենյակում իրերի մեջ գտել ենք այն ամենն, ինչը գրել է, երգել, ստեղծագործել»:

Գրետան պատմում է, որ 2014-ին ընտանիքի բոլոր անդամներով նոթատետրերում գրել են իրենց նպատակների մասին, պայմանավորվել, որ այն բացելու են միայն տասը տարի հետո: Առաջնագիծ մեկնելուց առաջ իր իրերը խնամքով թաքցնող Սայաթն իր նոթատետրն այնպիսի տեղում է թողել, որ ընտանիքի անդամները կարողանան վերցնել:

Քույրը պատմում է՝ 2014 թվականին, երբ Սայաթն ընդամենը 18 տարեկան էր, գրել էր 8 կետից բաղկացած նպատակների ցանկ. հեծանիվներով արշավ դեպի Արցախ, շուրջհայաստանյան ճանապարհորդություն, EcoArm բիզնես ծրագրի առաջին փուլի իրականացում և որ ամենակարևորն է՝ Սայաթը հստակ գրել էր՝ ոչ մի ամուսնություն այս ընթացքում: Գրետան ասում է՝ նա գրել էր, թե հանկարծ այդ ընթացքում ամուսնանա, ուրեմն այնքան է սիրելու այդ աղջկան, որ կարողանալու է շեղել իր ծրագրերը:

Սայաթի նպատակների 6-րդ կետն ամենատարբերվողն էր. «Արդեն հաստատ ավարտած կլինեմ բանակը։ Վստահ եմ`արտակարգ ծառայություն պիտի ունենամ, եթե այս տարիներին պիտի մահանամ, լավ կլինի` էնտեղ՝ բանակում։ Մնացած բոլոր մահերն անարժեք են»:

Սայաթն իր համար միշտ երեք հրաշալիք է առանձնացրել՝ սեր, ընտանիք, հայրենիք, երբեք չի ցանկացել դավաճանել իր գաղափարներին, չի ցանկացել մոռանալ այն մարդկանց, որոնք նրան օգնել են․ «Ես ամեն ինչի հասնելու եմ, թեկուզ տարիներ անցնեն։ Եթե մինչև սա կարդալու պահը ես դեռ չեմ սկսել բիզնեսիս իրականացումը՝ ինչ-ինչ պատճառներով, պիտի հիշեմ՝ երբեք ուշ չէ ամեն ինչ նորից սկսելու համար։ Նպատակդ արդար է, պիտի ջանք ու եռանդ չխնայես»,-գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular