Չեխիայի հայ երիտասարդները 3-րդ բողոքի ակցիան են արել «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉեխիայի հայ երիտասարդները 3-րդ բողոքի ակցիան են արել «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց։
«Այսօր (27.10) մեր բողոքի ակցիան «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց էր, որի արտադրած DANA ինքնագնաց հրետանային կայանքները Ադրբեջանը վերջերի օրերին կիրառում է Արցախի դեմ։ Մենք լուռ էինք, իսկ արյունոտ հագուստն ու փողերը խոսում էին մեր փոխարեն «Հայկական արյունը ձեր ձեռքերին է», «Ո՞վ է պատասխանտվություն կրում Արբեջանում գտնվող DANA-ների համար» գրառումների հետ միասին։ Մենք միասին ենք այս պայքարում և չենք նահանջի»։ Այս մասին հայտնում են Չեխիայի հայ երիտասարդական միությունից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1009 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։