Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ
ՎԻԴԵՈՍյունիքի մարզում հակառակորդի ԱԹՍ–ների հարվածներից զինծառայողներ են վիրավորվել։ «Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես են վիրավորված զինծառայողներին տեղափոխում հոսպիտալ։
«Հակառակորդը թիրախավորել է Հայաստանի հարավային սահմանը։ Կրակ է վարում հարավի ուղղությամբ, հիմնականում օգտագործում է անօդաչու թռչող սարքեր»,-ասվում է տեսանյութում:
Նշվում է, որ հայկական բանակը հակառակորդին զգալի կորուստներ է պատճառել` հասցնելով հարվածներ։
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել էր, որ ստիպված են լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:
Ավելի ուշ նա հայտնել էր, որ ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով վիրավորներ կան:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ: