Հայերի հանդեպ Թուրքիայի ատելությունը հիմա ավելի, քան երբևէ ուժեղ է. Լոկմագեզյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Sputnik Армения»-ին տված հարցազրույցի ընթացքում թուրքագետ և թարգմանիչ Տիրան Լոկմագեզյանը հայտարարել է, որ հայերի հանդեպ Թուրքիայի ատելությունը հիմա ավելի, քան երբևէ ուժեղ է:
-Ամեն անգամ, այս կամ այն պատճառով, Թուրքիայում բնակվող փոքրամասնությունները, հատկապես հայերը, ատելության և վախի մթնոլորտում են հայտնվում, հատկապես երբ Հայաստանի հետ կապված հարց է առաջանում: Հարձակումները չեն բացառվում, - նշել է Լոկմագեզյանը:
Հոդվածում հիշեցվում է, որ օրերս Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների սկսվելուց հետո, հայերի դեմ սպառնալիքներն ավելացել են:
Փայլանի համաձայն՝ Թուրքիայում իշխող «Արդարության և զարգացման կուսակցությունը» սովորական բան է դարձրել Թուրքիայում ատելության ընդլայնումը:
-Այսպիսի ատելության պայմաններում մենք կորցրինք Հրանտ Դինքին: Անվտանգությունը հնարավոր է միայն խաղաղ և դեմոկրատական Թուրքիայում: Հակառակ դեպքում, մեզնից ոչ ոք ապահով չի լինի, - շեշտել է նա:
Ստամբուլում բնակվում է 40 հազար հայ: Բացի այդ, Ստամբուլի հայկական համայնքը Թուրքիայում բնակվող ազգային փոքրամասնություններից ամենամեծն է: Երկրում ընդհանուր մոտ 60 հազար հայ կա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը