ՀՀ մի շարք մարզպետեր արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ կամավորական ջոկատներ հավաքելու և առաջնագիծ մեկնելու կոչին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ մի շարք մարզպետեր արձագանքել են ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանի՝ կամավորական ջոկատներ հավաքելու և առաջնագիծ մեկնելու կոչին։
ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ շիրակցիներ,
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքելով՝ դիմում ենք մեր մարզի բնակիչներին, պետական և ՏԻՄ կառույցների, մարզում գործունեություն ծավալող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին՝ կամավորագրվել Հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։
Այս պահից սկսած կարող եք դիմել ձեր համայնքապետարաններ կամ զինվորական կոմիսարիատներ՝ ձևավորելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո գործող կամավորական ջոկատներ և միանալու հայրենական պայքարին, որի զինվորն ենք յուրաքանչյուրս։
Քաջ գիտակցում ենք պատմական այն շրջադարձային փուլը, որում ապրում ենք, սա մի նոր Սարդարապատ է, սա մեր գոյության և ինքնության վճռորոշ պայքարն է, և այս պայքարում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը. փա՛ռք Հայոց բանակին»,- գրել է մարզպետը:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ևս կամավորագրվելու կոչով դիմեց Արագածոտնի մարզի բնակիչներին։
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում ևս հայտնեց, որ այսօր տեղի է ունեցել Արմավիրի մարզի խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում օրակարգային թիվ մեկ հարցը վերաբերում էր հանուն Հայրենիքի պաշտպանության մարզում ինքնապաշտպանական ջոկատների ձևավորմանը։
«Հպարտությամբ փաստում եմ, որ մարզի բոլոր համայնքների ղեկավարներն իմ գլխավորությամբ պատրաստ են զինվորագրվելու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և մեկնելու Արցախ՝ մեր արդար պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու համար։ Եվ ուրեմն, ի գործ:
Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը: Ապա զորամասերից մեկում անցնում ենք ներդաշնակում, պատրաստում և մեկնում ենք Հայրենիքի պաշտպանության առաջնագիծ: Հենց մեր միասնական և աննկուն պայքարի արդյունքում էլ հաղթելու ենք»,- գրել է Արմավիրի մարզպետը։
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
«Ես՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանս, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին:
Րոպեներ առաջ Լոռու համայնքապետների հետ անցկացված մարզխորհրդի նիստի ավարտին՝ վարչապետի կոչին միահամուռ կերպով և առանց երկմտելու միացան նաև մարզի համայնքների ղեկավարները, ովքեր վաղն արդեն կներկայացնեն իրենց կողմից ղեկավարվելիք կամավորական ջոկատների կազմերը:
Սիրելի՛ լոռեցիներ. այլևս ժամն է, չկա ետդարձի ճանապարհ: Բոլոր նրանք, ովքեր հասկանում են պահի լրջությունը և կարող են զենք վերցնել, խնդրում եմ այս պահից սկսած դիմել Լոռու մարզպետարան և համայնքապետարաններ:
Ես հավատում եմ մեր միասնականությանը, ես հավատում եմ, որ Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր հայորդու համար վեր է ամեն ինչից: Եվ ուրեմն՝ ի զեն: Հաղթելու ենք»,- գրել է Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում:
