«Pfizer»-ը հայտնել է, որ պատվաստանյութի փորձարկումները կավարտվեն ԱՄՆ-ի ընտրություններից հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸնկերությունն ակնկալում է փորձարկումների արդյունքները վերլուծել հոկտեմբերի վերջին: Պրեպարատի օգտագործումը կարող է սկսվել նոյեմբերին: Լրագրող Անաստասիա Բատմանովայի հեղինակած հոդվածը վերցրել ենք РБК կայքից:
Ամերիկյան «Pfizer» ընկերությունը, որը զբաղվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումով, ակնկալում է փորձությունների մի մասն ամփոփել հոկտեմբերի վերջին և պարզել՝ արդյոք ստեղծված պատվաստանյութն արդյունավետ է: Այս մասին նշվել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի նամակում:
Նամակի համաձայն՝ պատվաստանյութի օգտագործման հայտը կարող է ներկայացվել կարգավորող մարմիններին նոյեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում: Ընկերությունն ակնկալում է համոզվել պրեպարատի օգտագործման անվտանգության մեջ: Նշված է, որ պատվաստանյութի օգտագործումը կարող է սկսվել նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերին:
«Pfizer»-ի պատվաստանյութի փորձարկումներին մասնակցում է մոտ 44 հազար կամավոր: Բուրլան հայտարարել է, որ եթե պարզվի, որ պատվաստանյութն անվտանգ չէ, ապա դրա օգտագործման հայտը չի ներկայացվի:
«The Wall Street Journal»-ը նշել է, որ սեպտեմբերի 29-ի նախընտրական բանավեճի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոսել է պատվաստանյութերի արտադրողների, այդ թվում՝ «Pfizer»-ի հետ, և որ մինչ պատվաստումը «մի քանի շաբաթ» է մնացել: Բացի այդ, ավելի վաղ Թրամփն ասել է՝ հնարավոր է, որ պատվաստանյութը պատրաստ լինի նոյեմբերի 3-ին նշանակված ընտրություններից առաջ:
Հուլիսին «Pfizer»-ը ԱՄՆ-ի իշխանությունների հետ 1,95 մլրդ դոլարի գործարք է կնքել՝ 100 մլն չափաբաժնի մատակարարման համար: Ընկերությունը մատակարարման մասին պայմանավորվել է նաև Եվրամիության, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը