Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր. Գևորգ Դերձյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց նկատվում է դրական դինամիկա: Վիճակը կայունանում է: Վիրաբուժական միջամտության կարիք չունի: Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
Երեխան շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:
Նա և իր ընտանիքը մեքենայով գնալիս են եղել դաշտ հողագործական աշխատանքի: Թռչող սարքի հարվածից հետո տղան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Երևան:
Ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 19 ինքնաթիռ, 176 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: