ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա քա­ղա­քակր­թա­կան պա­տե­րազմ է. հի­մա մի փոքր ժո­ղովր­դով դուրս ենք եկել գլո­բալ խա­ղե­րի դեմ»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ոմանք ասում են՝ սա արցախա-ադրբեջանական պատերազմ է, ոմանք էլ, թե Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա/ահաբեկիչների պատերազմ է, ոմանք էլ ասում են՝ ավելի լայն է: Բոլորը ճիշտ են, բայց մի ուրիշ տեսակետ էլ կա, որը ես նաև օտարերկրացիներից եմ լսել. նրանք ասում են, որ սա քաղաքակրթական պատերազմ է, և հայերը հենց այդ քաղաքակրթական պատերազմի ճակատն են կազմում: Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք մի շարք հարցերի շուրջ՝ անդրադառնալով թշնամու սանձազերծած պատերազմին, մեր այսօրվա վարքագծին ու անելիքներին հատկապես թիկունքում:

«Այսինքն, հայերը հիմա կռիվ են տալիս կա՛մ եղած քաղաքակրթությունը պահելու, կա՛մ ապագա նոր քաղաքակրթության համար: Ու մարդիկ, որոնք սա նկատում են դրսից, մեզ ասում են՝ գլուխներդ բարձր պահեք, հայե՛ր, որովհետև քաղաքակրթական ճակատում կանգնելու բախտը ոչ բոլոր ժողովուրդներին է վիճակվում: Մենք խնդրին նաև այս տեսանկյունից պետք է նայենք»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց Ա. Պեպանյանը: Անդրադառնալով թշնամիներին՝ նա շեշտեց բարդ իրավիճակի մասին. «Կան երևացող ու չերևացող խաղացողներ: Այս պահի դրությամբ կա պանթուրանական ծրագիր, որի թիկունքում ևս ինչ-որ ուժեր կան:

Բարդ խաղեր են գնում. մի փոքր ժողովրդով մենք հիմա այդ գլոբալ խաղերի դեմ ենք դուրս եկել: Թուրքիայի քաջալերմամբ այս ամենը ձեռնարկելով՝ Ադրբեջանը հույս ուներ, որ կկարողանա, մեծ ռազմական տեխնիկա ունենալով, շատ արագ ճեղքում անել, ինչ-որ նշանակալի հաջողությունների հասնել: Բայց չկարողացավ՝ դեմ առնելով մեր կամքին: Հիմա եթե դադար եղավ, Ալիևի ժողովուրդն իրեն հարցեր է տալու, քանի որ իր ջանքերն ու «ձեռքբերումն» իրար ամենևին համարժեք չեն: Եվ սա է պատճառը, որ հիմա ստիպված է նույն վարքագիծը դրսևորել, հատկապես, որ կրկին աջակցություն ունի: Մեզ մնում է մեր մեջ ուժ գտնել, միաբանվել, դիմակայել այնքան, որ թշնամին սպառվի ու այլևս չկարողանա առաջ գալ»:

Արծրուն Պեպանյանի խոսքով, մենք աշխարհի մասին սխալ կարծիք ենք ունեցել: «Մեզ թվացել է, թե այնտեղ բոլորը բարի են, հարգում են ազնվությունն ու արդարությունը: Նման բան չկա: Այս աշխարհում յուրաքանչյուր պետություն իր շահն ունի, և շատ ու շատ պետությունների համար միևնույն է, թե ով կհաղթի, ով՝ ոչ: Մենք պետք է սա հասկանանք և դա գիտակցելով՝ չհանգստանանք: Անհրաժեշտ է մտածել՝ լավ, եթե աշխարհն այսպիսին է, այդ դեպքում ինչպե՞ս ենք ապահովելու մեր երկրի ու ժողովրդի զարգացումը: Սա մեզ մտածելու տեղիք է տալիս դաշնակիցներ գտնելու տեսանկյունից, այնպիսի դաշնակիցներ, որոնք ինչ-ինչ հարցերում իսկապես մեր համախոհն են: Մինչ այս մի անգամ հրապարակավ ասել եմ՝ ձեր հույսը մի դրեք միջազգային կառույցների վրա, աշխարհը խառնված է:

Դժվար չէր կանխատեսել, թե թուրքերն ինչ են ուզում իրենց պանթուրանական ծրագրով: Դժվար չէր կանխատեսել նաև, թե աշխարհի որ պետություններն են մտահոգված այդ ծրագրով: Դա հասկանալով՝ կարող էինք այդ երկրների հետ նորմալ հարաբերություններ ունենալ, բայց, ցավոք, հակառակն ենք արել: Թե ինչո՞ւ՝ մտածելու հարց է, բայց հիմա դեռ ուշ չէ դարձի գալ ու այդ տեսանկյունից նայել աշխարհին»,- շեշտեց մեր զրուցակիցը: Քաղաքական վերլուծաբանն ընդգծեց, որ պակաս խոցելի դառնալու համար անհրաժեշտ է նաև մտածել մեր ունեցած համաշխարհային ռեսուրսն արդյունավետ օգտագործելու մասին: «Այս պատերազմը կորուստներ է բերում, բայց նաև սթափեցնում է: Այն թափթփված վիճակը, որը կար հայության մեջ սեպտեմբերի 27-ից առաջ, չէր կարող երկար ապագա ունենալ:

Սթափվել ու մտածել էր պետք: Ես ուրախությամբ պետք է ասեմ, որ արդեն տագնապի ծնած ռացիոնալ առաջարկներ եմ նկատում: Հիմա պարզապես մնում է ի հայտ գա մի շերտ՝ ընտրանի, որը կհավաքի այդ առաջարկները, կհամակարգի դրանք ու կմտածի՝ ինչպես իրագործել դրանք, որ մենք այսուհետ ուրիշ ժողովուրդ ունենանք: Այն ժողովուրդը, որը կար մինչ պատերազմը, ապագա չուներ, բայց հիմա հույս կա, որ մենք կշտկվենք: Մեր ժողովուրդը սովորական իրականության մեջ բավականին բացասական հատկանիշներ ունի, որ ձեռք է բերել վերջին հազար տարում: Այդ հատկանիշներն են ձևավորել մեր օրը, քաղաքական ու սոցիալական կյանքը, որը գաղջ էր:

Պատերազմը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը հոգու խորքում այլ հատկանիշներ ևս ունի. մեր ժողովուրդն իր հոգու խորքից դուրս բերեց չաղճատված հայի հատկանիշները: Հիմա մեր խնդիրը պետք է լինի թույլ չտալ, որ այդ հատկանիշները կրկին ներքև իջնեն: Սա շատ կարևոր հարց է: Կարևոր է, որ ի հայտ գա վերոնշյալ ընտրանին՝ գտնելու ազգային վերափոխում իրականացնելու բանալին ու բանաձևը»,-ընդգծեց Ա. Պեպանյանը: Նրա դիտարկմամբ, հայ ժողովուրդը մի քանի առումներով է ունիկալ: «Ոչ մի ժողովուրդ հայ ժողովրդի ճանապարհը չի անցել: Ես միշտ ասել եմ՝ որևէ այլ ժողովրդի քաղաքակրթական փորձը հնարավոր չէ Հայաստանում կիրառել, ու նման փորձերն ապարդյուն են:

Դուք չեք գտնի մեկ այլ ժողովուրդ, որը հազարավոր տարիներ եղել է հզոր, կազմակերպված, աշխարհի ամենաուժեղներից մեկը, բայց հետո ինչ-ինչ պատճառներով գնացել է հազար տարվա ստրկության ու լավ հատկանիշները պարփակել է հոգու խորքերում: Ամեն հայի մեջ երկու հայ կա. ռազմատենչ, հզոր հատկանիշներով, նաև արդարամիտ ու պինդ տեսակի հայ, որի նշված հատկանիշները հոգու խորքերում են, իսկ այդ ամենի վրա հազար տարում ձեռք բերված վերոնշյալ հատկանիշների շերտն է: Այս դեպքում համաշխարհային քաղաքակրթական ոչ մի մեթոդ չի աշխատում, որովհետև մաքուր հայկական խնդիր է սա:

Երբ ես մի քանի տարի առաջ ասում էի՝ մեր հայ ժողովուրդը վերելք է ունենալու, ինքնակազմակերպվելու է, ինձ ասում էին՝ որտեղից եք այդ գունավոր ակնոցները ձեռք բերել, մեզ էլ տվեք: Ես ասում էի՝ ուսումնասիրել եմ մեր ժողովրդի պատմությունը, հերոսական անցյալը և գիտեմ, թե իրական հայն ով է: Ասում էի նաև, որ այդ հայը այսօրվա ժողովրդի մեջ էլ կա, բայց ապրում է հոգու հեռավոր խորքերում, պարզապես հարկավոր է մի այնպիսի իրավիճակ, որի միջոցով նա դուրս կգա: Ես, իհարկե, ուզում էի դա այլ, օրինակ՝ հոգեգաղափարախոսության միջոցով լիներ, բայց ժամանակ չեղավ: Պատերազմը եկավ, հին հայը դուրս եկավ մարդկանց հոգիներից: Եվ սա է ունիկալը:

Այսինքն, այն, որ հազար տարվա օտարի ձեռքի տակ մնալը չէր ջարդել այդ հային: Պատկերացրեք՝ ինչքան հզոր ենք եղել, որ հազար տարվա մսաղացի միջով անցնելով՝ մենք էլի պահել ենք այդ տեսակը: Հարկավոր է գլուխ խոնարհել մեր ժողովրդի առջև»,-հավելեց նա: Այդուհանդերձ, ըստ Ա. Պեպանյանի, շատ հարցերի այլ տեսանկյունից պետք է նայել, որ նախկին սխալներն ու թերությունները չկրկնվեն: «Եթե վերոնշյալ նախաձեռնող խումբն ի հայտ չգա ու այս ոգին կապիտալիզացնելու ծրագիրը չմշակի, կարճ ժամանակ հետո նորից հին վիճակին ենք վերադառնալու, և այն «ցեցը», որը կար, կամաց-կամաց սկսելու է գերիշխել իրականության մեջ»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular