Խնդրում եմ զերծ մնալ մարտական գործողությունների մանրամասնությունների նկարագրությունից, կանխատեսումներից ու խորհուրդներից․ Արծրուն Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽնդրում եմ զերծ մնալ մարտական գործողությունների մանրամասնությունների նկարագրությունից, կանխատեսումներից ու խորհուրդներից, այս կամ այն զենքերի գովերգելուց և այլն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մեր բանակն իր խնդիրը հստակ կատարում է։ Եթե ունեք փաստարկված դիտարկումներ, այդ թվում՝ իմ աշխատանքի վերաբերյալ, դրանց անդրադառնալու ժամանակ կլինի»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։