Հայտարարելու եմ հայրենական պատերազմ. երկարատև պատերազմ են ուզում, իրենք են ընտրել այդ ճանապարհը, մենք չենք հրաժարվելու, եթե այն պարտադրված է. Արայիկ Հարությունյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանը երկարատև ծանր կորուստներ ունենալուց հետո միայն արդեն ստիպված զինադադարի կամ հրադադարի պայմանները կարող է ընդունել. այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա ընդգծեց՝ նրանց համար երկրորդական է՝ կլինի բանակցություն, թե չի լինի բանակցություն, եթե նրանք չեն հարգում այն ձևաչափը, որն իրականացվել է, մենք արդեն անելիք ունենք։
Արայիկ Հարությունյանը հայտարարեց՝ հայկական կողմը խաղաղության կողմնակից է։ «Աշխարհում խաղաղությունն ամենից շատ ուզում են արցախցիները, բայց նաև մենք չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրի կողմից, որի նպատակն է բնաջնջել Արցախի ժողովրդին, Արցախի մշակույթը: Հայտարարելու եմ հայրենական պատերազմ ու կոչ եմ անելու բոլոր հայերին ոչ միայն նյութական, այլ, ինչու չէ, նաև ֆիզիկապես մասնակցել»,- ընդգծեց նա:
Հարությունյանը հավելեց. «Ուզում են երկարատև պատերազմ, իրենք են ընտրել այդ ճանապարհը, մենք չենք հրաժարվելու, եթե պարտադրված է այդ պատերազմը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։