ԱԱԾ-ը բացահայտել է նախկին բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանության դեպք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և արդյունավետ պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված մեծաթիվ և արդյունավետ քննչական ու այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում և տարբեր տարիների ընթացքում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
Այսպես. Քրեական գործով որպես մեղադրյալ նեգրավված անձը, գտնվելով Վրաստանի Հանրապետության տարածքում, հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով այդ հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից՝ ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների և սարքավորումների և այլնի վերաբերյալ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության` կատարել լրտեսություն:
Դրանից հետո, հիշյալ անձը ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, մասնավորապես՝ երկար տարիներ ծառայության մեջ գտնվելով ՀՀ զինված ուժերում, ի պաշտոնե ունենալով պետական և ծառայողական գաղտնիքներին առնչվելու թույլտվություն, կրելով դրանց արտահոսքի համար պատասխանատվություն և գիտակցելով, որ այդ տեղեկությունների արտահոսքի դեպքում վնաս կպատճառի երկրի անվտանգությանը, հավաքել և իր մոտ է պահել մարտական տեխնիկայի, սպառազինության, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, առաջնահերթ խոցվող օբյեկտների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև, օգտագործելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և Արցախի սպայական անձնակազմի շրջանում իր ունեցած հարաբերությունները, պարբերաբար հանդիպումներ է ունեցել վերջինների հետ և հետաքրքրություններ ցուցաբերել ստորաբաժանումների կողմից իրականացվող կոնկրետ գործողությունների և այլնի վերաբերյալ, հավաքել տվյալներ, որից հետո՝ պարբերաբար Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Վրաստանի Հանրապետություն և ինչպես Ադրբեջանի դեսպանատան տարածքում, այնպես էլ դրանից դուրս հանդիպումներ և բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ և նրանց մաս-մաս հանձնել կամ հայտնել է իրեն հայտնի դարձած և իր կողմից հավաքագրված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ կատարելով թշնամական երկրի հետախուզական ծառայությունների առաջադրանքները՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության՝ այդ ամբողջ ընթացքում փորձելով հնարավորինս գաղտնի պահել իր անձը, հետախուզական ծառայությունների հետ ունեցած կոնտակտային հեռախոսահամարները:
Վերոգրյալ հանցավոր արարքը կատարելու համար որոշում է կայացվել հիշյալ անձին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում մեղադրյալի բնակարանում կամ օժանդակ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակի ռազմամթերք՝ նռնակներ, պայթուցիչներ, փամփուշտներ, ինչպես նաև դեռևս արդիականությունը չկորցրած՝ մարտական տեխնիկայի, սպառազինության, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, առաջնահերթ խոցվող օբյեկտների և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, որոնց մի մասը՝ եզակի բնօրինակներով:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ և շարունակելու է ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ անձի, հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու ուղղությամբ:
Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է նաև այդ գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային անձեռնմխելիության: