Մոսկվայի և Լոս-Անջելեսի ավիատոմսերի գները մոտեցել են իրար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջին 2-3 օրերի ընթացքում ակնհայտ դարձավ, որ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է գիշատիչ գներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: 1or.am-ի ավիաընկերության Aeroflot.ru կայքի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նշված գիշատիչ գները վերաբերում են բիզնես դասի տոմսերին, որը կազմում է մոտ 360 հազար դրամ: Ի դեպ, ըստ կայքի, մինչև սեպտեմբեր ամսվա վերջ էկոնոմ դասի բոլոր տոմսերը սպառված են, սակայն դեռևս կան բազային արժեք ունեցող տոմսեր, որոնց գինը համեմատաբար ավելի էժան է:
Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվա ավիատոմսերի առաջարկին, ապա, ըստ կայքի, սեզոնայնությամբ պայմանավորված տոմսերի գինը մոտ 140 հազար դրամով նվազ է: Ի դեպ, 1or.am-ը ուսումնասիրություն է կատարել նաև ավիատոմսեր վաճառող ավիաընկերությունների շրջանում: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նման թանկացում կա միայն դեպի Ռուսաստան ուղղության դեպքում, իսկ, օրինակ դեպի ԱՄՆ կարելի է ավիատոմս ձեռք բերել նախկին՝ մինչկորոնավիրուսային գներով, որը կազմում է մոտ 490 հազար դրամ:
Հարցի մասին պարզաբանում ստանալու համար 1or.am-ը փորձեց կապ հաստատել Քաղավիացիայի կոմիտեի հետ, սակայն մեր բոլոր զանգերին այդպես էլ չպատասխանեցին: Պարզելու համար, թե նման թանկացումը արդյոք անբարեխիղճ մրցակցության հետևանք չէ, 1or.am-ը դիմեց ՏՄՊՊՀ նախագահի օգնական Անի Սմբատյանին:
«Եթե լինեն հարցին վերաբերող մեր տիրույթում գտնվող հստակ հանգամանքներ, ապա մենք կանդրադառնանք դրան: Այս պահին չկան այդպիսիք»,- ասաց Ա. Սմբատյանը:
Արմինե Գրիգորյան