«...մեծապես կարևորում ենք հատկապես սահմանային վայրերում կրակել իմանալու ընդունակությունը` անկախ սեռից և տարիքից»: Արտյոմ Ծառուկյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարցազրույց <<Հավասարություն>> ՀԿ նախագահ Արտյոմ Ծառուկյանի հետ
ԵՐԲ Է ՍՏԵՂԾՎԵԼ <<ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ>> ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
<<Հավասարություն>> հայրենասիրական հասարակական կազմակերպությունը պաշտոնապես պետական գրանցում է ստացել 2015թ. , սակայն համախոհների, գաղափարակիցների կողմից մեկ կազմակերպության շուրջ համախմբվելու միտքը դեռ վաղուց էր:
Պետք է նաև փաստեմ, որ այսօր մեր կազմակերպության անդամների թիվը արդեն իսկ գերազանցում է 1000-ը և սա ուղղակի թիվ չէ, այլ մարդիկ, որոնք իրապես աշխատում են մեր ծրագրերի ու մեր գաղափարների իրականացման համար՝ բժիշկ, գիտնական, ինժեներ, բանվոր, մարզիչ, մանկավարժ, իսկ նպատակը մեկն է՝ հավասարություն:
ՈՐՈՆՔ ԵՆ ՁԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ.
Մեր կազմակերպության նպատակը արդեն իսկ արտացոլված է անվանման մեջ՝ հավասարություն: Հավասարությունը այսօր մեր քաղաքացիներին ամենաշատը հուզող հարցն է: Խոսքը, իհարկե, հավասար իրավունքների, հավասար հնարավորությունների և օրենքի գերակայության մասին է:
Շատ դեպքերում մարդը հիասթափվում ու հեռանում է ոչ թե սոցիալական խնդիրներից, այլ անարդար վերաբերմունքից՝ յուրային և ոչ յուրային լինելուց: Սա խնդիր է, որը պետք է արմատախիլ անել մեր երկրից: Բոլորս էլ, գտնվելով տարբեր իրավիճակներում, հանդիպել ենք ոչ հավասար և անարդար վերաբերմունքի՝ սկսած աշխատանքի ընդունվելուց մինչև տարրական կենցաղային հարցեր:
Այսինքն կարելի է արդյոք փաստել, որ Ձեր բոլոր ծրագրերն ուղղված են հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների հաստատման օժանդակմանը.
Իհարկե ոչ, մեր կանոնադրությամբ սահմանված բազմաթիվ դրույթներ կան, որոնք թե՛ ռազմահայրենասիրական , թե՛ սպորտի զարգացման և մասսայականացման, թե՛ երեխաների պաշտպանության ծրագրերին են ուղղված: Պետք է ասեմ, որ, օրինակ, ներկա պահին մենք <<Հայաստանի Հրաձգության ֆեդերացիայի>> հետ համատեղ իրականացնում ենք ՀՀ սահմանամերձ համայնքներում դպրոցական տարիքի երեխաների միջև հրաձգության ուսումնական մրցաշար, քանի որ մեծապես կարևորում ենք հատկապես սահմանային վայրերում կրակել իմանալու ընդունակությունը` անկախ սեռից և տարիքից:
Ոչ միայն կրակել, կրակել դիպուկ՝ ուղիղ թիրախին: Մեր կազմակերպությունում քիչ չեն նաև գործող մարզիկ-մարզիչները, որոնց յուրաքանչյուր հաջողությունը խրախուսվում է մեր խորհրդի անդամների կողմից: Տասնյակ մարզադպրոցներ ու սպորտային ակումբներ, այսօր արդեն ցանկություն են հայտնել համագործակցել մեզ հետ:
Որոնք են Ձեր կազմակերպության առաջիկա անելիքները
Նոյեմբերին սպասվում է մեր կազմակերպության համագումարը, որի ժամանակ էլ մենք կընտրենք կազմակերպության նոր խորհուրդ, կվերակազմավորենք հանձնախմբերը և լայն թափով կանցնենք 2017թ. մեր աշխատանքային պլանին:
ՀԱՎԱՏՈՒ՞Մ ԵՔ, ՈՐ ՁԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԿՀԱՋՈՂՎԻ ՀԱՍՆԵԼ ԱՅԴ ԱՄԵՆԻՆ.
Մեր կարգախոսն է. <<հավասարությունը հնարավոր է>>: Մեր ծրագրերով ու մեր անելիքներով, վստահ եմ, քայլ առ քայլ, ոլորտ առ ոլորտ պայքարելով հասնելու ենք մեր երկրում հավասարության հաստատմանը:
Նյութի աղբյուրն` այստեղ