ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուշամրցաշար՝ ի հիշատակ Լևոն Ղասաբօղլյանի

ՍՊՈՐՏ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 9․00-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կկայանա ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի անվան 1-ին հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։ Մրցաշարին կմասնակցեն 8 սիրողական թիմեր՝ Հայաստանի լրագրողների հավաքականը, Ֆուտբոլի վետերանների հավաքականը, «Գազպրոմ Արմենիա», Աբովյանի, Գետարգելի, Նոր Հաճնի, Աչաջուրի և Էրեբունու թիմերը: Խաղերը կանցկացվեն Օլիմպիական սկզբունքով, զույգերի հաղթողները սեպտեմբերի 21-ին կհանդիպեն կիսաեզրափակիչ փուլերում: Սեպտեմբերի 26-ին, ժամը 10.00-ին կկայանա 3-րդ տեղի համար հանդիպումը, իսկ 11․30-ին եզրափակիչը, որին կհաջորդի մրցանակաբաշխության արարողությունը։

Կազմակերպիչները 1or.am-ի հետ զրույցում նշեցին, որ հուշամրցաշարը կազմակերպել են Լևոն Ղասաբօղլյանի ընտանիքը և ընկերները։ Հիշեցնենք, որ Լևոն Ղասաբօղլյանը կյանքից հեռացավ այս տարվա օգոստոսի 8-ին՝ 34 տարեկան հասակում:

«Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի կրտսեր որդին «Փյունիկ» ակումբի սան է, Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում առաջին խաղն անցկացրել է «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում։ Ավելի ուշ հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» եւ «Ուլիս» թիմերում։ Զուգահեռաբար ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ նա դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։ Հետագայում, ավարտելով խաղալը՝ Ղասաբօղլյանը դարձել է մանկական մարզիչ, աշխատելով «Փյունիկ» ակումբի մարզադպրոցում։ 2017-ին ընդգրկվեց ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը հանուն ընկերության» ծրագրում: 2020թ․ փետրվարից նա գլխավորում էր Ղազախստանի Առաջին լիգայում հանդես եկող «Ակադեմիա Օնթուստիկ» թիմը: Նա դեռ շատ ծրագրեր ուներ, սակայն անժամանակ մահը խախտեց լեգենդար ֆուտբոլիստի և մարզչի բոլոր ծրագրերը:

 

Մանե Եսայան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular