Պատվաստումը պարտադիր լինել չի կարող
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1or.am կայքի զրուցակիցը ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանն է։
— Տիկին Ստեփանյան, աշունը սեզոնային գրիպի դեմ պատվաստվելու համար ի՞նչ խորհուրդներ են տալիս այս տարի մասնագետները, երբ պետք է սկսեն պատվաստումները։
— Գրիպի պատվաստումը, ընդհանրապես, ինչպես և ցանկացած տարի ցանկալի է անել հոկտեմբերի վերջ, նոյեմբեր ամիսներին, որովհետև պատվաստումից հետո պաշտպանիչ հակամարմինների արտադրությունը մեկ ամիս է տևում։ Ինչքանով, որ ես տեղյակ եմ, այս տարի նույնպես նախատեսվում է պատվաստումը սկսել այդ ժամկետներում և որքան արագ պատվաստանյութը կհասնի Հայաստան, այդքան արագ կկազմակերպվի։ Ամեն տարի պետք է լինի նոր պատվաստանյութ, որովհետև ամեն տարի գրիպի շտամը կարող է փոփոխվել և տվյալ տարվա համար ստեղծված պատվաստանյութով անց է կացվում պատվաստումը։ Հույս ունենանք, որ այս տարի գրիպի դեմ պատվաստում ստացողների քանակը կլինի ավելի բարձր քան նախորդ տարիներին, որովհետև դա շատ կարևոր է, հատկապես կորոնավիրուսային վարակի փուլում, որ գոնե այն, ինչ որ կարելի է կանխարգելել դրանից զերծ մնանք։
— Խոցելի խմբերի համար գրիպի դեմ պատվաստումն այս տարի պարտադիր չի՞ լինելու։
— Ընդհանրապես պատվաստումը պարտադիր լինել չի կարող։ Կարելի է առաջարկել, դա ցանկացած դեպքում մարդու կամքն է։ Մենք որպես բժիշկ պետք է իրազեկենք դրա կարևորության և անվտանգության մասին, բայց անհատը պետք է որոշի պատվաստվել թե ոչ։ Եվ դա պարտադրաբար լինել չի կարող։
—Անդրադառնանք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին՝ ինչ իրավիճա՞կ է այս առումով աշխարհում։
— Ռուսաստանը արդեն խոսում է պատվաստանյութի արդյունավետության մասին շատ վստահ, տարբեր երկրներ կլինիկական փորձարկումների վերջին փուլում են գտնվում։ Հույս ունենանք, որ տարվա վերջին, կամ գարնանը, ինչպես ասում են, մենք կունենանք մի քանի պատվաստանյութ, որոնք կապացուցեն իրենց արդյունավետությունը։ Եվ դա կբերի համավարակի կառավարելիությանը, այսինքն աշխատողը կարող է ղեկավարել վարակի տարածումը պատվաստումների միջոցով։ Կարծում եմ և հույս ունեմ, որ հակառակ տեսակետներ այդքան շատ չեն լինի, որովհետև պատվաստումը միակ զենքն է որով կարելի է պայքարել համավարակի դեմ։
Սոնա Գիշյան