Ճարտարապետների միության նախագահը կիսում է Երևանի քաղաքապետի տեսակետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ քննարկվում է քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնի վերացման հարցը: Մարությանը տեղեկացրել է նաև, որ չի բացառվում Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոն այլևս չլինի:
«Ես հիմա կարող է սենսացիոն բան ասել, բայց մտածում եմ, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է որոշակի մոդիֆիկացիայի, փոփոխությունների ենթարկվի: Հնարավոր է, որ այլևս չլինի գլխավոր ճարտարապետ»,- նշել է Մարությանը:
Քաղաքապետի խոսքով՝ գուցե լինի գլխավոր ճարտարապետի գործառույթներով զբաղվող մի մարմին կամ խորհուրդ, բայց որ հարցը կարևոր է՝ միանշանակ է:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը 1or.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով այս հարցին նշեց, որ շատ եվրոպական երկրների քաղաքները ու մայրաքաղաքները չունեն գլխավոր ճարտարապետներ: Փոխարենը ունեն մասնագետներ, որոնք հետևում են, որպեսզի գլխավոր հատակագծից շեղումներ չլինեն:
«Խնդիրը գլխավոր ճարտարապետ ունենալ-չունենալու մեջ չէ: Մենք պետք է մինչև հիմա այս քայլին գնացած լինեինք, որպեսզի կարողանայինք օրենքով աշխատել: Այս առումով մենք շատ ենք ուշացել: Բացի այդ, մինչ այս պետք է քաղաքի հաստատված գլխավոր հատակագիծ ունենայինք, որպեսզի օրենքից որևէ շեղում չլիներ: Գլխավոր ճարտարապետի համար այս հարցը դարձել էր փորձաքննություն, բայց, հավատացեք, դժվար է դիմադրել ներդրողների ճնշումներին: Առավել ևս, երբ գլխավոր ճարտարապետն օրենքով և քաղաքաշինական փաստաթղթերով պաշտպանված չէ: Այդ պայմաններում նա ինչպե՞ս կարող է այդ խառնաշփոթից գլուխ հանել: Եթե Երևանի գնխավոր ճարտարապետի պաշտոնը վերացնելու մասին որոշում կայացվի, ապա հաջորդ քայլը պետք է լինի փաստաթղթերով պաշտպանված քաղաք ունենալը, որտեղ նշված կլինի, թե յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա ի՞նչ է լինելու: Եվ ներդրողը, որը գալիս է հող գնելու, համակարգչի միջոցով կարողանա տեսնել, թե իր նախընտրած վայրում ինչ կարող է կառուցել և ինչ նպատակով: Հակառակ դեպքում մենք կշարունակենք շիլաշփոթի մեջ ընկնել»,- ասաց Մ. Մինասյանը:
Ճարտարապետի դիտարկամամբ՝ Խորհրդային տարիներին կար ընդամենը մեկ պատվիրատու, և այդ պատվիրատուն պետությունն էր, որը գլխավոր հատակագծի շրջանակներում էր շինարարություն իրականացնում: Իսկ գլխավոր ճարտարապետը հսկում էր, որ գլխավոր հատակագծից շեղումներ չլինեն: Այդպես եղել է Թամանյանի ժամանակներից, բայց երբ պատվիրատուներ սկսեցին դառնալ ներդրողները, մայրաքաղաքի ոչ միայն դիմագիծը փոխվեց, այլև շատ հարցեր սկսեցին առաջացան:
«Երբ թելադրողը ներդրողն է և, նույնիսկ, սկսում է իր ճաշակը պարտադրել, որևէ բան ճնշել կամ փոխել հնարավոր չի լինում: Այսինքն, պետք է և՛ օրենքը գործի, և՛ հստակեցվի, թե մայրաքաղաքի յուրաքանչյուր հատվածում ինչը կարելի է անել, ինչը՝ ոչ: Այդ դեպքում բոլորի համար էլ ամեն ինչ պարզ կլինի, իսկ քաղաքը դրանից միայն կշահի»,- ասաց Մ. Մինասյանը:
Միության նախագահը նշեց նաև, որ վերջին անգամ Երևանի գլխավոր հատակագիծը հաստատվել է 2005 թվականին: Այս տարի ավարտվում է դրա շահագործման ժամկետը: Ուստի, կարևոր է մտածել նաև Երևանի նոր գլխավոր հատակագիծ ունենալու մասին:
«Մեր ցանկությունը միշտ մեկն է եղել, որ ունենանք մանրամասն հատակագիծ, որ յուրաքանչյուրը կարողանա դրանից անարգել օգտվել և որևէ մեկի համար հարց չառաջանա, թե ինչու այս կամ այն հատվածում հանկարծ ինչ-որ շենք բարձրացավ: Սա կօգնի նաև` կամայականություններ թույլ չտրվեն և, անգամ, շատ մեծ գումար ունեցողը չկարողանա ասել՝ այս վայրում այսինչ բանն եմ ուզում կառուցել: Նման բան չի կարելի թույլ տալ, նման ձևով ոչ մի քաղաք չի կարող իր գոյությունը շարունակել կամ շատ շուտ կվերածվի անհասկանալի ամորֆ պատկեր ունեցող մի քաղաքի, ինչը չի կարելի այլևս թույլ տալ»,- ասաց Մ. Մինասյանը:
Արմինե Գրիգորյան