ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ անվտանգության օրհասական խնդիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքական բովանդակության ու դրա խտության առումով վերջին շրջանի ամենից տպավորիչ իրադարձությունները ՀՀ նախկին նախագահների հրապարակային ելույթներն էին՝ տարբեր ձևաչափերով: Հատկանշականն այն է, որ այդ ելույթները բովանդակային պարունակությամբ ու քաղաքական գնահատականների մակարդակով էապես տարբերվում են օրվա իշխանության ձևավորած պրիմիտիվ, բովանդակազուրկ և մակերեսային «օրակարգից»: Որոշակի առումով դա նաև ցավալի իրողություն է, եթե հաշվի առնենք, որ ընթացիկ խնդիրների լուծումը, բնականաբար, կախված է օրվա իշխանություններից:

Ռուսական РБК հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ի թիվս այլ հիմնախնդիրների բավականին ուշագրավ դիտարկումներ արեց ինչպես հայ-ռուսական հարաբերությունների, այնպես էլ՝ «Հայաստանի սորոսիզացիայի» վերաբերյալ: Ըստ էության սա մի խնդիր է, որը պահանջում է լրացուցիչ ուշադրություն: Վստահ եմ, որ առաջիկայում այն շատ ավելի համակողմանի ու փորձագիտական քննարկումների առարկա կդառնա: Նախ, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ Քոչարյանի հարցազրույցում արված, թերևս ամենից կարևոր դիտարկումը. ժողովուրդների, երկրների միջև ցանկացած հարաբերություն, եթե անգամ դարավոր ընթացք ունի, մշտակայուն ու անխախտ մի բան չէ, այլ պահանջում է շարունակական ջանքեր, կոնկրետ բովանդակություն, ի հակակշիռ «բարեկամության ու եղբայրության» թեմայով կենացային կարգախոսների:

Այս դիտարկումը, թվում է, թե ավելի շատ ուղղված էր ռուսական կողմին: Համենայն դեպս, կա նման տպավորություն, որ ՌԴ քաղաքական վերնախավում տիրապետում է նման մոտեցում, թե Հայաստանի հետ հարաբերությունները մշտակայուն և անխախտ մի բան են, ու ոչինչ չի կարող իրերի այդ դրվածքը փոխել: Խնդիրը, մեծ հաշվով, այն է, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ մանավանդ Հայաստանում կան որոշակի ուժեր, շրջանակներ, որոնք ակնհայտորեն ունեն նման նպատակ՝ հնարավորինս խաթարել հայ-ռուսական հարաբերությունները, հարուցել խնդիրներ, որոնք եթե այդ հարաբերությունների խզման չտանեն էլ, ապա առնվազն տհաճ ու խաթարող նստվածք թողնեն: Բայց հարցը միայն ռուսական քաաքական վերնախավում եղած ինքնախաբուսիկ ընկալումը չէ: Խնդիրը հենց վերը ակնարկված «շրջանակների» հետևողական ու ինտենսիվ գործունեության ծավալումն է, հատկապես՝ Հայաստանում:

Պայմանական ասած՝ հասարակության, հասարակական-քաղաքական միջավայրի սորոսացումը: Սա առավելապես մե՛ր ներքին խնդիրն է՝ սերտորեն շաղկապված ինչպես երկրի ու հասարակության հետագա զարգացման ու առաջընթացի, այնպես էլ՝ արտաքին մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու հետ: «Սորոսացումն», իհարկե, պայմանական բնորոշում է, թեպետ սպառնալիքների առաջին շարքում հենց Սորոսի կողմից ֆինանսավորվող շրջանակներն են: Շրջանակներ, անձինք, նրանց շուրջ ձևավորված «մարդ-կազմակերպություններ», որոնք 2018-ի անարյուն հեղաշրջման ակտիվ մասնակիցներն ու անմիջական շահառուներն են: Եվ որոնք լուսանցքային վիճակից մեկեն ստացան իշխանականի կարգավիճակ ու դիրք, պետության կառավարման լծակներին տիրապետելու և որոշումներ կայացնելու հնարավորություն:

Եվ, եթե նախորդ տասնամյակներում այդ շրջանակները ընդամենը «աղմկոտ», բայց սակավամարդ ու հասարակության մեծամասնության կողմից մերժվող «ակցիաներ» էին անում՝ ընտանիքի ավանդական ընկալման ու արժեքային կոդերի դեմ, Հայոց բանակի դեմ, արվամոլության ու այլևայլ ԼԳԲՏ-ության քարոզչությամբ էին հանդես գալիս, հայ-ռուսական հարաբերությունների դեմ էին ելույթներ ունենում, թշնամական Ադրբեջանի հետ էին բարեկամանում, ադրբեջանական կինոյի «ցուցադրություն» էին ուզում կազմակերպել և այլն և այլն, ապա հիմա կամ արդեն երկուսուկես տարի է, ինչ «իրավիճակ է փոխվել»: Այժմ, նույն այդ շրջանակները, միանգամայն հետևողականորեն ու, ի դեպ, բավականին մեծ ջանադրությամբ «կյանքի են կոչում» իրենց՝ տարիներով քարոզած «գաղափարաքաղաքական» թափոնը: «Սորոսացումը» ռեալ սպառնալիք է ՀՀ անվտանգությանը ու, առանց չափազանցման՝ հետագա գոյությանը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular