ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխության թավշյա գաղտնիքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեռ 2018թ, երբ Նիկոլ Փաշինյանը կատարեց առաջին կադրային նշանակումները, փորձագետներն ու վերլուծաբանները սկսեցին խոսել թավշյա հեղափոխության փայատերերի մասին: ԱԺ ընտրությունների նախօրեին, երբ հրապարակվեց «Իմ քայլի» նախընտրական ցուցակը, շատերն արդեն սկսեցին բարձրաձայնել այդ փայատերերի անունները՝ Նիկոլ Փաշինյան և նրա մերձակա շրջապատ(ընտանիք և «Հայկական ժամանակի» տարբեր ժամանակահատվածների լրագրողները), Սորոսի հայաստանյան գրասենյակ, Քաղպայմանագիր կուսակցության ակտիվ (2008-2012թթ ՀԱԿ-ից պոկված հիմնականում երիտասարդական հատվածը), ՀԱԿ (մի փոքր հատված), Երկրապահի սասունմիքայելյանական թևը (այս հատվածն էլ է բավականին փոքրաթիվ) և այսպես կոչված պրոֆեսիոնալներ (այս կոնտինգենտը հեղափոխության փայատեր չէ, պարզապես նրանք, տարբեր հանգամանքներից ելնելով, հայտնվեցին նախընտրական ցուցակում):

Իհարկե, շատ նեղ մասնագիտական շրջանակներում, դեռ հեղափոխության օրերին, նշվում էր ևս մի փայատիրոջ անուն, որը այն ժամանակ՝ համընդհանուր էյֆորիայի ժամանակաշրջանում, շատերը վախենում էին բարձրաձայնել: Բայց ժամանակն անցնում է, էյֆորիան էլ դրա հետ զուգահեռ անհետանում: Իսկ արդեն այս ամառ շատերը սկսեցին տալ հեղափոխության այն փայատիրոջ անունը, որը մասնագետները վախենում էին բարձրաձայնել 2018 թվականին: Խոսքն, իհարկե, Սերժ Սարգսյանի մասին է: Իհարկե, այս պահին դեռ կգտնվեն մարդիկ, որոնք ինձ կմեղադրեն կոնսպիրոլոգիայի և դավադրության տեսությունների մեջ: Բայց ռուսական մեդիան և Ռուսաստանի իսթեբլիշմենթի տարբեր ներկայացուցիչներ այս մասին խոսում էին հենց սկզբից, իսկ մի քանի օր առաջ, իր վերջին հարցազրույցում, այդ մասին ակնարկեց նաև Սերժ Սարգսյանի «սիամական երկվորյակ» Ռոբերտ Քոչարյանը:

Հիմա եկեք անդրադառնանք բոլոր իրադարձություններին հերթականությամբ և փորձենք ինքներս մեզ համար գտնել մի քանի հարցերի պատասխաններ: Հարցեր, որոնցից մինչ օրս խուսափում են և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը: Սկսենք ամենասկզբից:

2008թ: Հետընտրական պրոցեսսներ: Մարտի 1: Դեռ նախկին իշխանությունների օրոք, տասը տարի շարունակ, Մարտի 1-ի միակ պատասխանատու «նշանակվեց» Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե, Ռոբերտ Քոչարյանն այդ պահին Հայաստանի դե յուրե և դե ֆակտո նախագահն էր և պատասխանատու էր այդ ամենի համար: Բայց արդյո՞ք նա միակ պատասխանատուն էր: Եթե լսենք այսօրվա իշխանություններին և հետևենք նրանց կոնկրետ գործողություններին՝ ապա այո: Բայց չէ որ այդ պահին ՀՀ վարչապետն էր Սերժ Սարգսյանը և, վերջիվերջո, հենց վերջինիս իշխանության գալու համար էին իրականացվում բոլոր հայտնի գործողությունները: Իսկ օդում կախված լուրերի համաձայն, թե՛ Ազատության հրապարակում իրականացված գիշերային օպերացիան, և թե՛ Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած բոլոր ուժային գործողությունները կոորդինացվել են կառավարության շենքից: Իսկ ավելի ստույգ՝ կառավարության շենքի Տիգրան Մեծ-Մելիք-Ադամյան խաչմերուկում գտնվող մուտքի մոտ էին հավաքված ոստիականներն ու օլիգարխների «ախրանիկները»:

Հոդվածը գրելուց առաջ փորձեցի գտնել, թե քանի անգամ է Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին հիշատակել Մարտի 1-ի գործի շրջանակներում: Գոնե իշխանության գալուց հետո՝ ոչ մի անգամ: Իհարկե, մանր-մունր գործերով նոր իշխանությունները անհանգստացրել են Սերժ Սարգսյանին: Ինչևէ, ամեն դեպքում երկու տարի կալանավորված մնացել է ոչ թե «մերժված Սերժը», այլ՝ Ռոբերտ Քոչարյանը:

2018թ: Ապրիլ-մայիս: Թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխություն: Նախկին իշխանությունների գրեթե բոլոր ուժային կառույցների պատասխանատուները (ինչպես նաև իշխանության այլ ներկայացուցիչներ, այդ թվում պատգամավորները) միաբերան պնդում էին, որ քայլերթի օրերին կային էպիզոդներ, որոնցով հստակ կարելի էր ձերբակալել Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, դա այն ժամանակ էր, երբ փողոցում դեռ շատ քիչ մարդ կար: Օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանը, ջարդելով հանրային ռադիոյի դուռը, ներխուժեց պաշտպանվող ռազմավարական օբյեկտ և պահանջեց ուղիղ եթեր: Օդում կախված լուրերի համաձայն Սերժ Սարգսյանը արգելել է բոլորին որևէ գործողություն ձեռնարկել պարոն Փաշինյանի և, այդ պահին, նրա մի քանի աջակիցների դեմ: Դե իսկ «ես սխալվեցի, Նիկոլը ճիշտ էր» հայտնի ֆրազից պարոն Սարգսյանը խուսափում է ինչպես սատանան խունկից:

2018-2020թթ: Հետհեղափոխական զարգացումներ: Մոտ տասնհինգ տարի խմբագիր, իսկ ավելի ուշ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չէր թողնում 50/50-ի շրջանակներում հիշատակել Սաշիկին (Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին): Հեղափոխությունից անմիջապես հետո, իհարկե, մի քանի շոու վերջինիս մասնակցությամբ բեմականացվեց: Բոլորը հիշում են վերելակը, թանկարժեք արվեստի գործերը, կարմիր վերնաշապիկը և 30 միլիոն դոլար վճարումը: Այն 30 միլիոն դոլարը, որը Հայաստանի Հանրապետության բյուջեում այդպես էլ ոչ մի կերպ չարտացոլվեց: Այն Սաշիկին, որը ըստ Նիկոլ Փաշինյանի 15-ամյա ելույթների հանրապետության կեսը տարել էր: Ստացվում է, որ Հայաստանի ողջ կարողությունը 2018թ դրությամբ կազմում էր 60 միլիոն դրամ: Ինչպես կասեր Սերժ Սարգսյանի հերթական հաճախորդ Արտաշես Գեղամյանը. «Занимательная арифметика выходит»:

2018թ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ ընտրություններ, որտեղ ՀՀԿ-ին բառիս բուն իմաստով հաշված ձայներ չհերիքեցին խորհրդարան անցնելու համար: Օդում կախված լուրերի համաձայն, հենց Սերժ Սարգսյանն էր արգելել իր թիմակիցներին բողոքարկել ընրության արդյունքները և վերահաշվարկ կատարել, որի արդյունքներով, չի բացառվում, որ այսօր ՀՀԿ-ն պարլամենտում կունենար ֆրակցիա:

Նիկոլ Փաշինյանի մյուս սիրած հերոս Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր եթերներից մեկում հաստատեց այն լուրը, որ տարիներ շարունակ փաստացի ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի սեփականություն համարվող «Հայկական ժամանակ» օրաթերթը: Մինչ օրս Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի արձագանքել այդ փաստացի սկանդալային բացահայտմանը: Չնայած առիթը բաց չի թողնում Էդմոն Մարուքյանին հիշեցնել «Վատիկանի պադվալների» մասին, մոռանալով երևի, որ հենց այդ նույն «Վատիկանի պադվալների» օգնությամբ կազմվեց «Ելք» դաշինքը, որը 2017թ. ԱԺ ընտրություններում հավաքեց Սերժ Սարգսյանի սիրած 7-8%: Ի դեպ, մասնավոր զրույցներում, Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը չի էլ թաքցնում, որ երկար տարիներ համագործակցել է Միքայել Մինասյանի և նրա շրջապատի հետ, պնդելով թե «ինչու պետք է հրաժարվեին վերջիններիս տված ինֆորմացիայից և նյութական աջակցությունից»:

Շարունակելի...

Արեն Հարությունյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular