«Amazon» ընկերությունը մեղադրվել է աշխատողներին լրտեսելու մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրահայտ «Amazon» ընկերությունը, որը պատկանում է աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Ջեֆ Բեզոսին, մշակել է աշխատողների լիակատար հետևման և լրտեսման համակարգ: Այս մասին հաղորդվել է «Բաց շուկաների ինստիտուտ» (Open Markets Institute) իրավապաշտպան կազմակերպության հետազոտություններում:
Համավարակի շրջանում «Amazon»- ը ներմուծել է համակարգ, որն արհեստական ինտելեկտի օգնությամբ հետևում է աշխատողների տեղաշարժին: Տեսադիտարկումը նախատեսված է գողությունը կանխելու համար: Այն նաև վերահսկում է, թե ընդմիջման ընթացքում ինչպես է ծախսվում ժամանակը: Ընկերությունն արտոնագիր է ստացել թևնոցի համար, որը կարող է հետևել՝ պահեստի աշխատողները որտեղ են մտցնում ձեռքերը, և թրթռում (вибрация) օգտագործել, որ աշխատողը ձեռքը տանի անհրաժեշտ ուղղությամբ:
Բացի դրանից, հաշվետվության մեջ ասվում է, որ վարորդները պետք է ժամանակին առաքեն 1000-ից 999 փաթեթները, այլապես կազատվեն աշխատանքից: Ընկերությանը մեղադրում են, քանի որ նշված պահանջը հանգեցնում է արագության գերազանցման և վթարների:
«Amazon»-ը պահանջում է, որ աշխատողները պահեստ մտնելիս իրենց անձնական իրերը թողնեն՝ վերցնելով միայն ջրով շիշ և փողով թափանցիկ պլաստիկ տոպրակ: Օրվա վերջում աշխատակիցներին 25-60 րոպե ստուգում են համոզվելու համար, որ վերջիններս ոչինչ չեն գողացել:
Հաշվետվության մեջ նաև նշված է, որ ընկերությունը փորձում է ցրել մեծ թվով աշխատակիցների կուտակումները՝ հսկելով, որ հնարավոր լիդերները մարդկանց միևնույն խմբի հետ չափազանց երկար չխոսեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: