Ուղևորներն ինքնաթիռում անտեսեցին դիմակներն ու զանգվածաբար վարակվեցին կորոնավիրուսով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունաստանից Մեծ Բրիտանիա թռչող ինքնաթիռի ուղևորներն անտեսել են անվտանգության միջոցառումները և զանգվածաբար վարակվել կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է Metro-ն:
Tui ավիաընկերության թռիչքին մասնակցած Ստեֆանի Ուիտֆիլդը հավաստիացրել է, որ ուղևորների մեծամասնությունն արհամարհել է դիմակային ռեժիմը, ինչպես նաև նստատեղերից վեր է կացել, քայլել սրահով և շփվել ուղեկիցների հետ:
«Շատերը քաշում էին դիմակները քթի կամ նույնիսկ ծմոտի տակ: Նրանք դրանք հանում էին ընկերների հետ խոսելու համար և ետ ու առաջ էին քայլում միջանցքում»,- հստակեցրել է Ստեֆանին:
Նա նաև նշել է, որ անձնակազմի անդամներից ոչ ոք չի արձագանքել խախտումներին: Այս մասին կինն ասել է.
«Իմ կողքին նստած էր առանց դիմակի տղա, և երբ ուղեկցորդուհին մոտեցավ ու սկսեց խոսել նրա հետ, նա տղային ոչ մի նկատողություն չարեց: Ինքնաթիռում բազմաթիվ եսասեր կովիդիոտներ (ковидиот - մարդ, ով հիմարորեն անխոհեմ է կորոնավիրուսային համաճարակի նկատմամբ) և բորտուղեկցորդներ կային, ում համար միևնույն էր»:
Հայտնի է, որ ինքնաթիռում եղել է ավելի քան 200 ուղևոր, և թռիչքից հետո նրանցից 16-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Բռնկման հետ կապված՝ բոլոր ուղևորներին խորհուրդ է տրվել մեկուսանալ երկու շաբաթով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: