Մալաքյանների պաշտպանը պնդում է, որ խոսքն ընդամենը մեկ հարվածի մասին է, ինչը խիստ կասկածելի է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Արարատ» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նրանց փաստաբան Գոռ Միքայելյանը 1or.am-ին տեղեկացրեց, որ այս պահին եղբայրները ձերբակալված են և տարածված տեղեկությունները, թե ծածել են ոստիկանների՝ այս պահին քրեական գործով չկա:
«Եթե մենք նույնիսկ համարենք, որ ոստիկանները ճիշտ են ասում, ապա խոսքն ընդամենը մեկ հարվածի մասին է, ինչը խիստ կասկածելի է, թե առհասարակ եղել է, թե ոչ: Ինչ վերաբերում է ոստիկաններից մեկի ուսադիրը պոկելուն, այս պահին այդ ուղղությամբ քննություն է ընթանում և եթե նույնիսկ պոկվել է, ապա դեռ պետք է պարզել, թե դա ինչ իրադրության պայմաններում ու ինչի արդյունքում է եղել: Համենայն դեպս, այն ինչ ներկայացվում է, թե ոստիկանների են ծեծել և այլն, շատ-շատ ուռճացված տեղեկություն է»,- ասաց ֆուտբոլիստների պաշտպանը:
Ավելի վաղ Գոռ Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, նշելով, որ եթե տվյալ տեղեկատվությունը տարածողները մի պահ մտածեին, թե ինչպես են խախտում Մալաքյանների անմեղության կանխավարկածը կամ իրենց գործողություններով` թերի և միակողմանի դեպքը ներկայացնելով ինչպիսի մեծ հարված են հասցնում Հայաստանի ազգային հավաքականին և առհասարակ հայկական ֆուտբոլին` կանգ կառնեին։
«Որպես ֆուտբոլիստների պաշտպան, փաստում եմ, որ տարածված տեղեկատվությունը խիստ սուբյեկտիվ է, միակողմանի, ուռճացված և թերի: Իրականում, եթե նույնիսկ հավատանք ոստիկանների` քրեական գործի շրջանակներում պնդումներին, դեպքը եղել է լրիվ այլ կերպ, սակայն հանրությանն է մատուցվում լրիվ այլ կերպ: Կարծում եմ, որ շուտով ականատես կլինենք հերքումների հենց տեղեկատվությունը տարածած պաշտոնական աղբյուրների կողմից:
Հ.Գ. Զորակցության խոսքերի համար Մալաքյաններն իրենց շնորհակալությունն են հայտնում իրենց խաղի և ազգային հավաքականի հազարավոր երկրպագուներին, հարյուրավոր խաղընկերներին, մարզիչներին...»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր ֆուտբոլիստների պաշտպանը:
Կարինե Ասատրյան