ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանության հերթական փուչիկը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս տարվա առաջին կիսամյակի շինարարության ծավալներին ծանոթանալուց հետո, Նիկոլ Փաշինյանի 2019 թ․-ի մարտին արված հայտարարությունը, թե «Հայաստանը կանգնած է շինարարական «բումի» նախաշեմին» պարզապես ծաղր է հնչում։ Շինարարության ծավալները շեշտակի՝ 23,4 տոկոս անկում են ունեցել անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ։ Նմանատիպ կտրուկ անկում նախկինում արձանագրվել էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարում՝ 2009 թ․-ին։ Այսպիսով, այս տարվա հունվար-հունիսին իրականացվել է մոտ 105 մլրդ դրամի շինարարություն։ Այդ թվում պետբյուջեից մոտ 25 մլրդ դրամի, որից մոտ 16 մլրդ դրամը միջազգային վարկերն են։

Մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացվել է մոտ 54 մլրդ դրամի շինարարություն, բնակչության միջոցներով՝ մոտ 26 մլրդ դրամ։ Ուշագրավ է առանձին-առանձին շինարարության ճյուղերի և հատկապես ճանապարհաշինության ծավալների նվազումը։ Փաստենք՝ մի քանի թվական տվյալներ․ 2020 թ․-ի հունվար-հունիս ամիսներին գործարկվել է մոտ 39 հազար քմ տարածքով բնակելի շենքեր՝ 2019 թ․-ի առաջին կեսի 64 հազար քմ դիմաց։ Անկումը կազմել է 38 տոկոս։ Միաժամանակ կառուցվել կամ հիմնանորոգվել է ընդամենը 100 տեղով նախադպրոցական ուսումնական հաստատություն (մանկապարտեզ) Արարատի մարզում, այն էլ Համաշխարհային բանկի ծրագրով։ Այս տարվա առաջին կեսին կառուցվել կամ հիմնանորոգվել են 1150 աշակերտական տեղով հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ դպրոցներ Երևանում և Լոռու մարզում։ Սա նույնպես Համաշխարհային բանկի ծրագրով կառուցված դպրոցներ են։ Անցյալ տարվա ընթացքում հեղափոխական իշխանությունն ընդհանրապես դպրոց չէր կառուցել։

Այն, որ ճանապարհաշինությունն այս իշխանական քարոզչական «հիթերից» է, դրանում համոզված ենք և կհամաձայնեք շատերդ, սակայն քչերդ, կամ գրեթե ոչ ոք չգիտի, որ իրականում Նիկոլի կառավարման ընթացքում ճանապարհաշինության ծավալները ոչ միայն չեն ավելացել, ինչպես փորձում են ներկայացնել, այլև նվազել են։ Այս տարվա առաջին կեսին իրականացվել է 9,8 մլրդ դրամի, 2019 թ․-ի առաջին կեսին՝ մոտ 15 մլրդ դրամի, իսկ նախորդ իշխանության ժամանակ և դրա իներցիայով՝ 2018 թ․-ի առաջին կեսին՝ ավելի քան 18 մլրդ դրամի ճանապարհաշինություն։

Այսինքն, նոր իշխանության երկու տարիների ընթացքում ճանապարհաշինության ծավալները կրկնակի նվազել են, և դրանով հպարտանալը իշխանությունների կողմից մարդկանց հիմարացնելու հերթական քայլն է։ Շինարարության այս վիճակը Նիկոլ Փաշինյանը կփորձի պայմանավորել կորոնավիրուսով։ Սակայն, շինարարության ծավալները նվազել էին մինչև այդ և հետո, չէ՞ որ կորոնավիրուսը նրա համար «տնտեսական հեղափոխության» իրականացման լավ հնարավորություն էր։ Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր կապիտալ ծախսերի խթանման մասին, մինչդեռ դրանք ոչ միայն չեն ավելանում, այլև նվազում են։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular