Անհասկանալի, կոշտ ուղեցույց․ ԿԳՄՍՆ-ն չի տիրապետում դպրոցներում տիրող իրավիճակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇատ լուրջ մտահոգություններ ունեմ նաև ես: Հենց էս պահին ուղեցույցը դիմացս դրած է և հատ-հատ կարդում եմ: Ինձ դնում եմ դպրոցի տնօրենի տեղ և փորձում եմ պատկերացնել, թե ես ինչպես կկազմակերպեի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը, պատասխանելով հարցին թե ինչպե՞ս է գնահատում դպրոցների համար ԿԳՄՍՆ ուղեցույցը, որի վերաբերյալ բավական մտահոգություններ են հնչում մանկավարժների կողմից:
«Հիմա ես այդ ուղեցույցի հանձնարարականները դնում եմ դիմացս և փորձում եմ կետ-կետ իրականացնել մտովի: Հաստատ ունեմ մտահոգություններ, որ, օրինակ, 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսելու գործընթացն ինչպես պետք է արվի, մասնավորապես, դասարանների մակերեսների մասով: Եթե 20 հոգուն բերում եմ դպրոց, մյուս 20-ին ինչ պետք է անեմ: Դա նշանակում է, որ մի 20-ը մի օր պետք է գա, մյուս 20-ը՝ մյուս օրը: Նույն օրը հնարավոր չի անել: Չի նշվում, թե քանի րոպեանոց դասեր պետք է լինեն: Ձեռքերը լվանալու պարտադիր պայման է նշված, բայց ոչ բոլոր դպրոցներն ունեն 24 ժամ հոսող ջուր: Անորոշ է, թե շաբաթական դասերի թիվը որ դասարանում քանիսը պետք է լինի: Այսինքն՝ շատ լուրջ խնդիր է դրվում դպրոցի տնօրենի վրա, և ամբողջ պատասխանատվությունը, ըստ ուղեցույցի, դրվում է տնօրենի վրա: Դժվար է լինելու, ես մտահոգ եմ և չգիտեմ, թե եթե ես լինեի, ոնց կանեի: Չգիտեմ նաև՝ եթե որոշում կայացնողը ես լինեի, ինչ որոշում կկայացնեի: Երկուսի համար էլ դժվար է»,-նշեց Բախշյանը: