ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պապան ե՞րբ կգա». Ադրբեջանում հայտնված սպայի ընտանիքում չգիտեն` ինչ պատասխանեն երեխաներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Sputnik.Արմենիան գրում է.

Քարաշեն գյուղական տուն` մյուսներից ոչնչով չտարբերվող, որի բակում երեխաներ են խաղում։ Սև, խոշոր աչուկներով մի աղջնակի հարցնում եմ` Աննայենց տունը սա՞ է։

Գյուղում քաղաքից եկողներին միանգամից են ճանաչում` լինի մեծ, թե մանուկ։ Աղջիկը հասկանում է` հյուր ենք, խաղը թողնում է, լրջանում և պատասխանում` այո, ճիշտ եք եկել, միայն թե մայրը տանը չէ։

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում ենք` մոլորված ու Ադրբեջանի տարածքում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի կնոջ տանը։ Կինը` Աննան, տանը չէ. ամուսնու վերնաշապիկն իր հետ վերցրել, մատուռ է գնացել` աղոթքի։ Սակայն կարճ ժամանակ անց Աննան գալիս է. լուր էին տվել, որ լրագրող է այցելել։

Տանը մեզ սիրով են ընդունում, բայց այ խոսելը դժվարությամբ է ստացվում (ինքս էլ չգիտեմ` ինչից սկսեմ)։ Աննան լարված է, մատներն է իրար սեղմում, շրթունքները կրծոտում, արցունքներն արագ սրբում։ Բացի մեզնից, տանը նաև 3-4 կանայք էլ կան` Աննայի մայրն է, քույրը, բարեկամուհին։ Նրանք մեզնից մի փոքր հեռու են նստում ու երբեմն–երբեմն գլուխները հետ շրջում. փորձում են Աննայից թաքցնել, որ լալիս են։

Իրավիճակը փրկում են տան երեխաները` 6-ամյա Վիկան և 2-ամյա Միկան, որոնք իրար հետևից ներս են մտնում և ուշադիր ինձ զննում։

Мика Алавердян, сын офицера Гургена Алавердяна (27 августа 2020). Мартуни

Վիկան հասկանում է` մեր այցը հոր հետ է կապված, քանի որ վերջին օրերին տանը միայն այդ թեմայով են խոսում։ Աղջիկը ժպտում է, մորը նայում։ Տեսնելով, որ մայրը հուզված է` մոր ձեռքն է շոյում, վզի տակ մտնում։

–Գիտե՞ս, պապան Միկայի ծնունդին (օգոստոսի 6-ին) կարողացավ գալ։ Անակնկալ արեց ու եկավ։ Ինքը մեր ծնունդներին միշտ տուն էր գալիս, մեզ նվեր էր բերում,–ուրախ–ուրախ պատմում է աղջիկը ինձ։

Вика Алавердян, дочь офицера Гургена Алавердяна (27 августа 2020). Мартуни

Օգոստոսի 14-ին էլ Գուրգեն Ալավերդյանի ծննդյան օրն էր, սակայն դրանից մեկ օր առաջ էր նա դիրքեր բարձրացել. ծննդյան օրը սահմանին էր նշել։

Սպայի կինն ասում է`միասին լավ ու վատ օրեր շատ են անցկացրել, բայց երբեք չի եղել իրավիճակ, որն անելանելի կթվա։ Գուրգեն Ալավերդյանն ինքն էլ լավատես է ու պրպտող, օրնիբուն աշխատում էր, որ ընտանիքը լավ ապրի։

«Գուրգենն անհայր է մեծացել և անում էր ամեն ինչ, որ իր երեխաները ոչ մի դժվարություն չտեսնեն։ Ամենաբարձր դիրքում էր ծառայության անցել, հեշտ չէր, բայց ասում էր` ոչինչ, փոխարենը կկարողանանք երեխաների համար մի բան հետ գցել։ Երևանում վարկով տուն ենք վերցրել, դրա գումարն էինք վճարում»,–պատմում է Աննան ու նորից լռում։

Գուրգեն Ալավերդյանն արդեն շուրջ 4 տարի է, ինչ ծառայության է անցել որպես պայմանագրային զինծառայող։ Հենց սկզբում աչքի է ընկել որպես լավ զինծառայող, և նրան առաջարկել են վերապատրաստվել ու խորանալ իր գործում։ Ալավերդյանը համաձայնել է և սկզբում ծառայության անցել Շամշադինի զորամասերից մեկում։ Նա մի քանի ամիս առաջ էր ծառայության անցել Արցախի այն զորամասում, որտեղից էլ մոլորվել է

Աննայի ամուսինն արդեն Արցախում տուն էր փնտրում, ինչպես նաև աշխատանք կնոջ համար (կենսաբանության ուսուցչուհի է), որպեսզի ընտանիքին մոտ լիներ։ Ավելին, նրանց աղջիկն էլ այս տարի պետք է դպրոց գնար, և փորձում էին արագ տեղավորվել Արցախում։

Վիկան դպրոցի անուն լսելիս` լայն ժպտում է, ասում է` շատ է ուզում դպրոց գնալ։ Մայրը, սակայն, երեխային ձեռքի տակ է առնում, ամուր գրկում ու ասում, որ գուցե այս տարի իր մեջ ուժ չգտնի երեխային դպրոց տանելու, դեռ չի կարողանում իրեն հավաքել։ Վիկան մեծ աղջիկ է, հասկանում է ամեն ինչ ու դեռ մի բան էլ ինքն է մորը հանգստացնում` ոչինչ, մյուս տարի կգնամ դպրոց։

«Հոր հետ կապված դեպքից օրեր առաջ աղջիկս արթնացավ ու ասաց` մամ, գիտե՞ս, ես ադրբեջանցուն պատկերացնում եմ այսինչ արտաքինով։ Զարմացել էի` ինչո՞ւ է երեխաս նման բաներից խոսում։ Երազ էր տեսել, կանխազգացել էր»,–ասում է Աննան ու իր գրկում ավելի ամուր սեղմում աղջկան։

Анна Алавердян, жена офицера Гургена Алавердяна (27 августа 2020). Мартуни

2 տարեկան Միկան խաղալ է ուզում, քրոջ ձեռքը քաշում է, և դուրս են վազում։ Մայրն ասում է` երեխաների մոտ այդ մասին չէր ուզում խոսել. ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը վիրավորական էր։ Նրա խոսքով` անգամ Գուրգենին չճանաչողների համար է պարզ, որ տեսանյութն իրականության հետ որևէ կապ չունի, սակայն, միևնույնն է, վիրավորական է։ Աննան նշում է, որ Գուրգենի կարգավիճակում գտնվող որևէ անձ, որն ընտանիք, երեխաներ ունի, անկախ ազգությունից, ցանկություն չէր հայտնի մնալ հակառակորդ երկրի տարածքում, ինչպես ստիպել էին, որ ասի Գուրգենը։

«Մեզ մոտ էլ կան, չէ՞, ադրբեջանցի գերիներ, սակայն մենք նրանց հանդեպ այդպես չենք վարվում, և չեմ էլ ուզի, որ վարվենք»,–ասում է կինն ու հավելում, որ աչքից չի վրիպել` ամուսնու ճակատի վրա ինչ–որ կարմիր հետք է նաև եղել...

Մեր զրույցն ընդհատում է 6-ամյա Վիկան, որը շնչակտուր ներս է վազում ու մորը փաթաթվում. «Մամ, դրսից ձայն լսեցի, ճիշտն ասա` էլի լացո՞ւմ էիր։ Մամ, գիտես, չէ՞, որ դու լացես, ես էլ կսկսեմ լացել»։

Մայրն աղջկան հանգստացնում է. «Չեմ լացում, քանի որ օրեր առաջ ինձ ասացիր, որ գիտես` պապան կա, ուղղակի հեռու է։ Դու ճիշտ ես, աղջիկս»։

Ընտանիքի հույսն այժմ Կարմիր խաչ միջազգային կազմակերպությունն է, որի միջոցով կինն ուզում է ուղղակի ամուսնու ձայնը լսել...

Ի դեպ, այսօր Գուրգեն Ալավերդյանը պետք է իջներ դիրքերից ու արդեն տուն վերադառնար։ Երեխաները հոր` տուն գալու օրերն արդեն անգիր գիտեն, և Աննան ասում է` հատկապես այս օրերին դժվար է նրանց սպասումն ինչ–որ բանով լցնել։ «Պապան բա ե՞րբ կգա»,–երեխաների հարցին չգիտեն` ինչ պատասխան տալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular