Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի 25 ամենահարուստ կանանց վարկանիշը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆForbes պարբերականը հրապարակել է Ռուսաստանի 25 ամենահարուստ կանանց վարկանիշը։
Վարկանիշը նախկինի պես որոշվում է «նոր իրողությամբ»՝ միակ միլիարդատեր կնոջ բազմամյա ավանդույթը փոխվում է, ամենահարուստների ցուցակում երկրորդ տարին է, ինչ կա միանգամից 2 միլիարդատեր։ Ե՛վ բազմամյա առաջատար Ելենա Բատուրինան, ե՛ւ Տատյանա Բակալչուկը, որը միլիարդատիրոջ կարգավիճակն ամրագրել է անցյալ տարի, մեկ տարում իրենց կարողությունը մեծացրել են։ Բատուրինայի կապիտալն աճել է 100 մլն դոլարով՝ հասնելով մինչեւ 1,3 մլրդ դոլարի։ Բակալչուկի կարողությունը նույնպես 100 մլն դոլարով է մեծացել՝ հասնելով մինչեւ 1,1 մլրդ դոլարի։
Չնայած 25 ամենահարուստ կանանց վարկանիշը տարբերվում է կայունությամբ, այս տարի ցուցակում հայտնվել են միանգամից երկու նորեկներ։ Չնայած կորոնավիրուսի հարուցած տնտեսական ճգնաժամին, հենց նրանց շնորհիվ է վարկանիշի մասնակիցների ընդհանուր կարողությունը նոր ռեկորդ սահմանել՝ 10,7 մլրդ դոլար։
Առաջին նորեկը Եկատերինա Ֆեդունն է՝ «Լուկօյլ» նավթային ընկերության եւ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բաժնետեր, միլիարդատեր Լեոնիդ Ֆեդունի դուստրը։ 2018 թվականի հոկտեմբերին միլիարդատերը իր երեխաներին՝ դուստր Եկատերինային եւ որդի Անտոնին էր փոխանցել «Լուկօյլի» բաժնետոմսերի մոտ 2 տոկոսը։ Հիմա բաժնետոմսերի այդպիսի փաթեթն արժե 1,2 մլրդ դոլարից ավելի։ 2019 թվականի արդյունքներով նավթային ընկերությունը ունեցել է 242,5 մլրդ ռուբլի շահույթ, Լեոնիդ Ֆեդունի երեխաների բաժինը գրեթե 6 մլրդ ռուբլի է։
Վարկանիշում երկրորդ նորեկը Լյուդմիլա Կոգանն է՝ Ռուսաստանի 200 ամենահարուստ բիզնեսմենների վարկանիշի մասնակից, 2019 թվականին մահացած Վլադիմիր Կոգանի այրին։ Լյուդմիլա Կոգանը ժառանգել է «ՈւրալՍիբ» բանկում ամուսնու բաժնեմասը (81,8 տոկոս), որը մտնում է Ռուսաստանի խոշորագույն բանկերի թոփ 30-ի մեջ։ 2019 թվականի արդյունքներով «ՈւրալՍիբի» ակտիվները հավասար էին 445 մլրդ ռուբլու, զուտ շահույթը գրեթե 13 մլրդ ռուբլի էր։ 1990-ական թվականներին Լյուդմիլա Կոգանը իրավախորհրդատու է աշխատել պետերբուրգյան «Պրոմստրոյբանկում», որի բաժնետերն էր Վլադիմիր Կոգանը։ Նա այնուհետեւ ղեկավարել է ամուսնու բանկիրյան հոլդինգի շինարարական տնօրինությունը, իսկ 2007 թվականից Լյուդմիլա կոգանը ԲՖԱ-Դեւոլփմենթ» ընկերության գլխավոր տնօրենն է։ Այս ընկերությունը Սանկտ Պետերբուրգում բնակելի անշարժ գույք է կառուցում։
Վարկանիշի մասնակիցներից եւս մեկի՝ Մարիա Շարապովայի կյանքում այս տարի մեծ իրադարձություն է տեղի ունեցել․ նա ավարտել է մարզական կարիերան։ Հիմա նրա կապիտալն այնքան ագրեսիվ չի աճի, ինչպես նախորդ տարիներին․ Շարապովայի եկամտի եւ կարողության հիմքն էին կազմում գովազդային պայմանագրերը, որոնք նրա հետ կնքվում էին որպես աշխարհի առաջատար թենիսիստուհիներից մեկը։ Բայց նախկին մարզուհին հասցրել է իր հանրահայտությունը կոնվերսացնել սպորտի սահմաններից դուրս բիզնեսի մեջ։ Նրան Sugarpova ապրանքանիշի վաճառքը, որի անվան տակ թողարկվում են մաստակային կոնֆետներ եւ շոկոլադ, 2019 թվականին, կազմել է 20 մլն դոլար։