Սիրում է, չի սիրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃիշտ է, բառերի օգնությամբ շատ բան կարելի է ասել, բայց վարքն ու ժեստերն ավելի խոսուն են: Եթե կասկածում եք՝ դուր եք գալիս տղամարդուն, թե՝ ոչ, հանդիպումների ընթացքում փորձեք ուշադրություն դարձնել նրա ժեստերին և վարքին:
Առաջադրում ենք մի քանի առանձնահատկություն, որոնց առկայության դեպքում Դուք հնարավորություն կստանաք ավելի հստակ պատկերացում կազմել նրա՝ Ձեր հանդեպ տածած զգացմունքների մասին՝
- Ձեր ներկայությամբ նա ուղղում է մեջքը, ինչպես նաև՝ հագուստն ու մազերը, գլուխը բարձր է պահում: Դա նշանակում է, որ նա ոչ միայն անտարբեր չէ Ձեր նկատմամբ, այլև փորձում է փոխադարձ համակրանքի արժանանալ:
- Հաղորդագրություններ է ուղարկում, զանգում է, հրավիրում զբոսանքի՝ փորձելով կապ հաստատել Ձեզ հետ:
- Զրույցի ժամանակ մարմնով Ձեր կողմ է ուղղվում, ձգտում է հնարավորինս մոտ լինել, և ամեն անգամ, երբ ինչ-որ բան եք պատմում, ուշադրությամբ լսում է:
- Սիրահարված (կամ լրջորեն հետաքրքրված) տղամարդն ուզում է հնարավորինս շատ բան իմանալ Ձեր մասին, ինչի համար էլ շատ հարցեր է տալիս: Նրան ավելի շատ դուր է գալիս խոսել ոչ թե իր, այլ Ձեր մասին:
- Հետաքրքրված (ինչու ոչ, նաև սիրող) տղամարդը՝ մանրամասն հիշում է Ձեր խոսքերն ու կարծիքն այս կամ այն հարցի շուրջ:
- Իրենից բացի, հաշվի է առնում նաև Ձեր կարիքներն ու հետաքրքրությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում միշտ աջակցում է:
- Ազատորեն կիսվում է սիրելիի հետ՝ ներկայացնելով իրեն, իր խնդիրները: Սիրող տղամարդը պատմում է իր ընտանիքի, ընկերների մասին, և չի խուսափում Ձեզ՝ նրանց հետ ծանոթացնելուց:
- Նա խոսում է ձեր համատեղ ապագայի մասին:
- Հաճախ է հաճոյախոսություններ շռայլում:
- Կոնֆլիկտների առաջացման դեպքում նա փորձում է հարթել այն՝ հեռանալու կամ որոշ ժամանակ Ձեզ հետ չշփվելու փոխարեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: