Փաշինյանի իշխանության «ականները»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸնդունված տեսակետ է, որ յուրաքանչյուր կառավարության առաջնային խնդիրն է դիմագրավել մարտահրավերներին ու գտնել դրանց լուծումները, ավելին՝ կառավարությունը և ընդհանրապես իշխանությունը, պետք է ապահովի հանրության անվտանգությունը։ Որքանով կարողանում է դա անել, այնքանով հաջողակ է, իսկ երբ դրանք իր համար դառնում են անլուծելի, ապա առաջանում է կառավարման ճգնաժամ՝ համապատասխան վախճանով։ Գործող կառավարության առջև այսօր կան մարտահրավերներ, որոնք կարծես թե արդեն անլուծելի են։ Դիտարկենք դրանցից մի քանիսը։
Որպես առաջնային դեպք ֆիքսենք Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը։ Ըստ էության՝ կարող ենք արձանագրել, որ տնտեսական ճգնաժամի պատճառով տնտեսության հիմքը դարձել է հանքարդյունաբերությունը, որից կախված է բյուջետային ողջ համալրումները։ Հանքը բացելու դեպքում կառավարությունն ամբողջապես կկորցնի «գաղափարական հեղափոխականների» հենքը, հայտնվելով «հակահեղափոխականների» ողորմածության առջև, իսկ չբացելու դեպքում տնտեսական ծանր վիճակի պատճառով մնալու է ընչազուրկ «հեղափոխական լայն զանգվածների» առջև մեն-մենակ։ Այս մարտահրավերը կառավարության համար անլուծելի է։ Չմոռանանք, թե Փաշինյանի թիմում ինչքան մեծ թիվ են կազմում Ամուլսարի շահագործմանը դեմ գործիչները, որոնց համար որպես քաղաքական պլացդարմ հենց այս թեման է հանդիսացել, և հանրային լայն շրջանակներ հանքի շահագործման դեմ պայքարից են իմացել այդ «բնապահպանների» գոյության մասին։
Մյուս առանցքային խնդիրներից կարող ենք առանձնացնել Փաշինյանի իշխանության կադրային հարցը, որը նույնպես անլուծելի է այս կառավարության համար և դարձել է պատուհաս։ Վարկաբեկելով հին համակարգի հետ որևէ առնչություն ունեցող նախկին կադրերին՝ պետական ծառայողներին, կառավարությունը մասնագիտական ցածր պատրաստվածություն ունեցող, կամ առհասարակ պատրաստվածություն չունեցող կադրերի վրա հիմնվելով անհնար է որևէ արդյունքներ գրանցել։ Ավելին, «բարձր պրոֆեսիոնալ նոր կադրերին» հավատարմության և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար պարգևավճարներ շնորհելով լրացուցիչ ծանր բեռ են դրել բյուջեի վրա։ Քանի որ «վերադարձն անցյալին», այսինքն նախկին կադրերին կդիտարկվի որպես հեղափոխության դավաճանություն, ինչպես նաև կարող է պառլամենտական մեծամասնության փլուզմանը հանգեցնի, այս մարտահրավերը նույնպես անլուծելի է թվում։ Դրա վառ օրինակը ՍԴ նոր անդամներ որոնելու հետ կապված դժվարություններն են։
Փաշինյանական իշխանության զգայուն կետերից է նաև արտաքին քաղաքականությունը, որը վերջին երկու տարիներին ուղղակի փակուղում է։ Չստանալով Արևմուտքի «հեղափոխության» մեդալ՝ ներդրումների ու պետական գրանտների տեսքով, կառավարությունը մնացել է «հակահեղափոխական» ՌԴ-ի հույսին, ինչը «հեղափոխության» բրենդի համար իմիջային լուրջ հարված է, մյուս կողմից ենթադրում է որոշակի քաղաքական զիջումներ, ինչպիսին օրինակ Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքն է։
Անդրանիկ Կիրակոսյան