Հին հռոմեացի կանանց գեղեցկության 10 գաղտնիքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀռոմեական կայսրությունը եղել է պատմության մեծագույն կայսրություններից մեկը, որը տարածվում էր Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Ուստի, Հին Հռոմի տիկնայք հնարավորություն են ունեցել՝ փորձարկելու և որդեգրելու աշխարհում տարածվող՝ գեղեցկության և խնամքի միջոցները:
Ներկայացնում ենք հռոմեացի նրբագեղ կանանց գեղեցկության 10 գաղտնիքները՝
Սպիտակ մաշկ
Հռոմի արիստոկրատ բնակչուհիների համար գեղեցկության չափանիշներից մեկը եղել է գունատ, սպիտակ մաշկը: Մաշկին սպիտակ և նուրբ տեսք հաղորդելու համար մարմնին կավիճ են քսել, իսկ հանքային փոշով ձեռքի վրա նկարել են կապույտ գծեր՝ մաշկի տակից երակների ակնարկի համար:
Խիտ մոնոհոնքեր
Անտիկ Հռոմում կանայք երազել են մոնոհոնքեր՝ խիտ և կպած հոնքեր ունենալու մասին: Կանայք, ովքեր բարակ հոնքեր են ունեցել, նորաձևությունից ետ չմնալու նպատակով՝ դրանք փայտածուխով ներկել են:
Վարդի թերթիկներից կարմրաներկ
Գեղեցկության ապահովման համար օգտագործվել է այտերի վառ կարմրաներկը, ինչը ստանալու համար նրանք բնական միջոցներ են կիրառել: Ովքեր հնարավորություն են ունեցել, ներկայիս Բելգիայի տարածքից բերված կարմիր օքրա (հանքաներկ) են օգտագործել, իսկ մյուսները բավարարվել են վարդերի կարմիր թերթիկներով ու կարմիր կավճով: Նրանք կարմրաներկ ստանալու համար օգտագործել են նաև նախորդ գիշերվանից մնացած գինի կամ կարմիր կապար, որը թունավոր է:
Դեմքի դիմակներ
Դեմքի դիմակների պատրաստման համար օգտագործել են յուղեր, սամիթի սերմեր, քացախ, ռեհանի հյութ, սագի ճարպ, թռչնի մարմնի մասեր, ինչպես նաև՝ գլադիատորների քրտինք:
Հարթ մաշկ
Հռոմեական գեղեցկուհու համար պարտադիր պայման է եղել հարթ՝ առանց մազերի մաշկը: Նրանք՝ խեժի մածուկ օգտագործելով, սափրել են ոտքերն ու թևատակերը: Էպիլյացիայի համար հաճախ կիրառել են նաև պեմզա (չեչաքար):
Ձիթայուղ
Մազերը մաքուր և փայլուն պահելու համար հռոմեացի աղջիկներն ձվերի և քացախի խառնուրդ են կիրառել, իսկ չոր մազեր ունեցողներին օգնության է հասել ձիթայուղը:
Ավանակի կաթով վաննա
Ավանակի կաթը նույնպես համարվել է գեղեցկության և խնամքի միջոց: Հին Հռոմում գտնում էին, որ այն մաշկը դարձնում է ավելի նուրբ և փափուկ, ինչպես նաև օգնում է կնճիռների դեմ պայքարին: Իրականում դա այդպես է, քանի որ ավանակի կաթում ռետինոլ է պարունակվում, ինչն այսօր օգտագործվում է ծերացման գործընթացները դանդաղեցնելու համար:
Հռոմեական մանիկյուր
Հռոմեացիները եղունգները ներկել են ոչխարի ճարպի և արյան խառնուրդով:
Խիտ թարթիչներ
Հռոմեացի կանայք գտնում էին, որ խիտ թարթիչները բարեպաշտության նշան են: Ուստի, նրանք՝ թարթիչներն արտահայտիչ դարձնելու և աչքերն ընդգծելու համար, կայալ են օգտագործել:
Օծանելիք
Եթե հաշվի առնենք այն փաստը, որ հին հռոմեական կոսմետիկական պրոցեդուրաներում արյուն, կենդանական ճարպեր և գլադիատորների քրտինք է կիրառվել, զարմանալի չէ, որ կանայք շատ են սիրել օծանելիք: Օծանելիքի բույրերը ստացվել են տարբեր ծաղիկներից, խոտաբույսերից և համեմունքներից: Դրանք քսել են մարմնին կամ ավելացրել՝ կոսմետիկ քսուքներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: