Սև ծովում թուրքական գազի հանքավայրերը մեծ կասկածների տեղիք են տալիս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական Взгляд կայքում Օլգա Սամոֆալովան «Турецкие залежи газа в Черном море вызывают большие сомнения» հոդվածով անդրադարձել է Թուրքիայի կողմից Սև ծովում գազի հանքավայրերի հայտնաբերմանը:
Սամոֆալովան գրել է՝ Էրդողանը հայտարարել է Սև ծովում, Թուրքիայի պատմության մեջ, բնական գազի խոշորագույն հանքավայրի հայտնաբերման մասին՝ նշելով, որ այն կնպաստի երկրի էներգետիկ անկախացմանը: Գազի ծավալը կազմում է 320 մլրդ խորանարդ մետր: Նախագահը նշել է, որ 2023 թվականին գազը կմատակարարվի Թուրքիայի քաղաքացիներին: Էրդողանը սա անվանել է պատմական իրադարձություն՝ ավելացնելով, որ նույն հաջողությունն է ակնկալում նաև Միջերկրական ծովում:
Հոդվածի հեղինակը առաջ է քաշել հետևյալ հարցը՝ «այդ դեպքում ի՞նչ է սպասվում ռուսական գազին»: 2019 թվականին Ռուսաստանի մասնաբաժինը թուրքական շուկայում 47%-ից նվազել է՝ հասնելով 34%-ի: Անկախ այդ հանգամանքից՝ Ռուսաստանը մնացել է երկրի խոշորագույն մատակարարը: Թուրքիան, սակայն, շարունակում է կրճատել ռուսական գազի գնումը: 2020 թվականի առաջին քառորդում գնումը նախորդ տարվա համեմատ կրճատվել է՝ հասնելով 17%-ի:
«Կարո՞ղ է արդյոք Թուրքիան՝ սեփական գազի հաշվին, լիովին հրաժարվել ռուսական գազից» հարցի մասին իր կարծիքն է հայտնել ՌԴ-ի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի և Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի փորձագետ Իգոր Յուշկովը՝ ասելով, որ Անկարայի համար դա շատ դժվար կլինի:
«Սև ծովը ենթադրում է շելֆի վրա խորջրյա թանկարժեք արդյունահանում, և ո՞րն է այդ գազի արդյունահանման ինքնարժեքը: Հնարավոր է՝ պարզվի, որ այն Ռուսաստանից և Ադրբեջանից ներմուծելն ավելի շահավետ է, քան այդ ոսկե գազը ծովից արդյունահանելը»,-նշել է Իգոր Յուշկովը:
Իսկ Միջերկրական ծովից բնական գազի արդյունահանման մասին Յուշկովն ասել է. «Իսրայելը, Հունաստանն ու Կիպրոսը նույնպես հավաստիացնում էին, որ հսկայական հանքավայրեր են հայտնաբերել: Արդյունքում, միայն Իսրայելն է քիչ, թե շատ արդյունահանել: Եվրոպա գնացող գազատարի կառուցման մասին խոսակցություններ կան, բայց դրանք միայն խոսակցություններ են»:
Հոդվածի հեղինակը շեշտել է այն հանգամանքը, որ Թուրքիան էներգետիկ ռեսուրսների ներմուծման վրա տարեկան միջինը 40 մլրդ դոլար է ծախսում: Իր դիրքի շնորհիվ՝ Անկարան գազ է ներմուծում ոչ միայն ՌԴ-ից, այլև՝ Իրանից, Ադրբեջանից, Կատարից և Ալժիրից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը