Իրաքյան նավթը բաժին է հասել ԱՄՆ-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան Chevron, Honeywell, General Electric և մի շարք էներգետիկ ընկերություններ Իրաքի իշխանությունների հետ՝ նավթի հետ կապված 8 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագրեր են կնքել: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունը:
Chevron-ը ստացել է Դի-Կար նահանգում նավթի բացառիկ հետախուզության, մշակման և արդյունահանման իրավունք: Honeywell-ը պլանավորում է գազի արդյունահանումը սկսել Ար-Ռատավիից, ինչն Իրաքին հնարավորություն է տալիս՝ էներգիայի ներքին պահանջարկը բավարարելու համար, օգտագործել տեղական գազի ռեսուրսները:
Իրանի էլեկտրաֆիկացման հետ կապված պայմանագրերը բաժին են հասել General Electric-ին: Ինչպես նշել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Դեն Բրույետտը, այդ պայմանագրերը հանդիսանում են Իրաքի էներգետիկ ապագայի բանալին:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը քննադատել են Իրաքին՝ նավթի արդյունահանումը կրճատելու անկարողության համար, ինչը նրանց կարծիքով՝ սպառնում է OPEC-ի հետ գործարքին: Փորձագետները, սակայն, նշում են, որ երկրում աղքատության մակարդակն աճում է, իսկ նավթի արդյունահանման նվազեցումը կարող է խաթարել տարածաշրջանի խաղաղությունը:
Հում նավթի վաճառքը կազմում է Իրաքի պետական եկամուտի 90 %-ը: Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ այս տարի երկրի տնտեսությունը 10 %-ով կնվազի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: