Արդյո՞ք սուրճն առողջարար է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Արդյո՞ք սուրճն առողջարար է» հարցին CNN-ը դրական պատասխան է տվել: Նոր հետազոտության համաձայն՝ օրական մի քանի բաժակ սուրճի օգտագործումը բարելավում է առողջությունը:
Դիտորդական ուսումնասիրության մեջ ներառվել է մոտ 20.000 անհատ: Պարզվել է, որ մարդիկ, ովքեր օրական խմել են 4 բաժակ սուրճ, մահանալու 64%-ով պակաս ռիսկ են ունեցել նրանցից, ովքեր սուրճ շատ քիչ են խմել կամ բոլորովին չեն խմել:
Մեկ այլ հետազոտության համաձայն՝ սուրճը կարող է պակասեցնել վաղաժամ մահվան հավանականությունը: Նշվել է, որ 45 տարեկանից սկսած սուրճ օգտագործելը կարող է անգամ ավելի շահավետ լինել:
Գիտնականները պարզել են, որ սուրճ խմող մարդիկ ավելի երկար են ապրում՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ սուրճ են խմում՝ կոֆեինո՞վ, թե՞ առանց կոֆեինի: Սուրճը նվազեցնում է նաև մի շարք հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են՝ 2-րդ տեսակի դիաբետը, լյարդի հիվանդությունը, կոլորեկտալ քաղցկեղը, Ալցհեյմերի հիվանդությունը, մաշկային քաղցկեղը և այլն:
Ինչպես տեսնում ենք, սուրճն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, սակայն, պետք է հիշել, որ հղի կանայք, ինչպես նաև սրտային հիվանդություններով տառապող մարդիկ պետք է սահմանափակեն սուրճի օգտագործումը, կամ հրաժարվեն դրանից: Իսկ քնի խանգարումներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում երեկոյան կամ քնելուց առաջ սուրճ չօգտագործել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: