ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստորեն, Վահրամ Ավետիսյանը պատրաստ չէր վեթինգի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ըստ Վահրամ Ավետիսյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին իր թեկնածությունը հետ կանչելու դիմում ներկայացնելու պատճառը ԱԺ-ում 80 ձայն ստանալն է եղել: Որի պատճառով էլ նա հանգել է այն եզրակացության, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը աննպատակահարմար է:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը թեկնածուին ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել էր հուլիսի 23-ին, որը, սակայն, դարձավ բավական բուռն քննարկումների պատճառ: Մի շարք իրավապաշտպաններ, փաստաբաններ և, հատկապես, մարտի 1-ի արյունալի դեպքերից հետո քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձինք դիմել էին կառավարությանը՝ հորդորելով հետ կանչել որոշումը և ընդգծել էին, որ մասնագիտական որակներից բացի կարևոր է հաշվի առնել նաև բարոյական հարցերը:

Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը մերժելու հիմնական պատճառը նրա հոր՝ Դավիթ Ավետիսյանի գործունեությունն է եղել, որը 2008 -2016 թվականներին պաշտոնավարել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում: Եվ, ըստ ընդդիմախոսների, մարտիմեկյան գործերով կատարել է նախկին իշխանությունների պատվերները: Ուստի, ի թիվս այլոց, նա ևս  պետք է պատասխանատվության ենթարկվի:  Իսկ վերջինիս հետ փոխկապակցված անձը և մերձավոր ազգական հանդիսացող Վահրամ Ավետիսյանը որևէ կարգավիճակով, ուղղակի կամ միջնորդավորված մասնակցություն չպետք է  ունենա այդ գործերի քննությանը:

Իր հերթին կրտսեր Ավետիսյանը պնդում էր, որ որդիները չպետք է հայրերի արարքների համար պատասխան տան: Դրան ի պատասխան էլ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 10 զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը պահանջել էր ՍԴ դատավորի թեկնածուին հստակ դիրքորոշում հայտնել 12 տարի առաջ տեղի ունեցածի և դրա հետևանքների վերաբերյալ։

Իրավապաշտպան Իզաբելլա Սարգսյանը ԱԺ պատգամավորներին հորդորել էր հանրային գերակա շահի հետ կապված հարցեր ուղղել թեկնածուին, քանի որ այդ ընթացքում նա աշխատել է պետական շահերի պաշտպանության վարչությունում՝ որպես դատախազ:

Ստացվում է, Ավետիսյանը ճանապարհի կեսից հետ է կանգնել ոչ թե 80 ձայն ստանալու անհավանական լինելու պատճառով, այլ սպասվող հարցերին պատասխանելուց խուսափելու համար, որն ինքնին յուրօրինակ վեթինգ կարող էր լինել թեկնածուի համար: Մինդեռ, գործի կեսից հետ կանգնելը խոսում է այն մասին, որ թեկնածուի գործունեությունն, այնուամենայնիվ, զուլալ չի եղել, ինչի մասին այսքան ժամանակ պնդում էին իրավապաշտպանները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular