Կարելի՞ է կանխել երակների վարիկոզ լայնացումը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԵրակների վարիկոզային լայնացումը ոչ միայն կոսմետիկ թերություն է, այլեւ լուրջ հիվանդություն, որը կարող է վտանգավոր բարդությունների հանգեցնել: Դրա ֆոնին զգալիորեն մեծանում է բաց խոցերի, տրոմբոֆլեբիտի եւ շատ այլ հիվանդությունների վտանգը: Վարիկոզի հետեւանքով ընդհանուր առմամբ տուժում է նաեւ կյանքի որակը, քանի որ սխալ «աշխատող» երակները մշտական ցավերի եւ ոտքերի այտուցման պատճառ են դառնում:
Կարելի՞ է, արդյոք, կանխել երակների վարիկոզային լայնացումը:
Գերմանիայից անոթային վիրաբույժ Ֆլորիան Նետցերը կարծում է, որ... ոչ: Նրա խոսքով՝ այսօր կարելի է բազմաթիվ խորհուրդներ լսել այն մասին, թե ինչպես խուսափել վարիկոզից. խորհուրդ չի տրվում նստել ոտքը ոտքին գցած, բարձրակրունկ կոշիկ հագնել եւ այլն: Սակայն, վիրաբույժի կարծիքով, ճշմարտությունն այն է, որ ոմանք կունենան վարիկոզի խնդիր, ոմանք՝ ոչ: Եվ դա կախված է ոչ այնքան կենսակերպից, որքան ժառանգականությունից:
Ֆլորիան Նետցերի խոսքով՝ ամենաերիտասարդ հիվանդը, որին բուժել է էնդոլյումինալ թերապիայի օգնությամբ, ընդամենը 14 տարեկան է եղել:
«Ես բազմաթիվ երիտասարդ աթլետների եմ տեսել, ովքեր ավելորդ քաշ չեն ունեցել, շատ մարզվել եւ առողջ կենսակերպ են վարել, բայց, չնայած այս ամենին, վարիկոզ են ունեցել: Ես նաեւ ճարպակալմամբ տարեց մարդկանց եմ տեսել, որոնք վարիկոզ չեն ունեցել: Այդ պատճառով կարծում եմ, որ ամեն ինչ կախված է ժառանգականությունից»,- ասել է վիրաբույժը:
Ըստ Նետցերի՝ հարկավոր է վաղ սկսել վարիկոզի բուժումը, պետք չէ սպասել, որ այն ավելի շատ երակների հասնի: Եթե ոտքին «դուրս ցցված» երակ է հայտնվել, խորհուրդ է տրվում անհապաղ ոտքերի անոթների ուլտրաձայնային հետազոտություն անցնել, եւ եթե վարիկոզը հաստատվի, անմիջապես բուժում սկսել՝ ընտրելով ժամանակակից բժշկության առաջարկած բազմաթիվ միջոցներից մեկը: