ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ու ելավ որպես հավերժության կանչ․ պատերազմում զոհված Աշոտ Նասիբյանն ընդամենը 22 տարեկան էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծ հաղթանակի 50—ամյա տոնակատարության նախօրյակին էր։ Հայրենականում զոհված բալուջեցիների հիշատակին կառուցված հուշահամալիրի հանդիսավոր բացման կապակցությամբ ես իմ մտորումներն ու խոհերն էի շարադրել պատերազմում նահատակված հայրենակիցներիս մասին։ Մի խումբ կտրիճների թվում հիշատակել էի նաեւ գվարդիայի մայոր Աշոտ Իշխանի Նասիբյանին, ով գարուն հասակում, երբ այնքան մոտ էր հաղթանակը, ընկավ քաջի մահով։ Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, Նա ընդամենը 22 տարեկան էր, ու աչքները ճամփին սպասում էին կարոտ—հավատով մայրը, եղբայրն ու քույրերը, սիրած հարսնացուն։ Ասպիրանտուրայում, ուր պիտի շարունակվեին ուսումնառության տարիները, նրա տեղը թափուր էր մնացել։ Ու ահա 75 տարի է, ինչ անդառնալի կորստից կսկծում են հարազատների սրտերը...

 

Նրա սխրագործության, մարտական անցած ճանապարհի եւ Արցախյան ազատամարտի հերոսների, այդ թվում՝ այգեստանցիների կերպարներում որոշակի նմանություն եւ խորհուրդ եմ տեսնում։ Ահա թե ինչու որոշեցի չշրջանցել Մեծ հայրենականի նահատակներից մեկին՝ Աշոտ Նասիբյանին, որի անցած ուղին Արցախյան պատերազմի տարիներին արժանապատվորեն շարունակեցին մեր հայրերը, եղբայրներն ու զավակները։ ...Վաղամեռիկ հայրենակցիս մասին գրելու շարժառիթն այն էր, երբ օրերից մի օր մտախոհ խմբագրություն եկավ Արցախի հարգված մտավորականներից մեկը՝ 20—րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ, երջանկահիշատակ Արամ Մարտիրոսյանը։ Տեւական լռությունից հետո նա ծխախոտ վառեց ու դարձավ ինձ.

–Չես պատկերացնում, թե ինչպիսի բացառիկ ընդունակությունների տեր երիտասարդ էր։

Ես հարցական հայացքս ուղղեցի նրան.

–Կներեք, ո՞ւմ մասին է խոսքը, չկարողացա կռահել։

–Այս ջահել մայորի, իմ շատ սիրելի աշակերտի՝ Աշոտի,— անհամբեր ասաց զրուցակիցս եւ ծոցատետրից հանելով զինվորականի խունացած լուսանկարը, պարզեց ինձ։ — Քո հայրենակիցն է, անունն էլ դեռ մի առիթով հիշատակել ես թերթում։ Մի՞թե մոռացել ես...

–Չեմ մոռացել, ընկեր Մարտիրոսյան, պարզապես...

–Նրան մոռանալ չի լինի, մեզնից ոչ ոք իրավունք չունի հերոսներին մոռանալ։ Առավել եւս՝ դու։ Չէ՞ որ նա քո հարազատ գյուղի խիզախ որդին է։ ...Մանկությունն անցել է ծննդավայրում՝ պապենական թթենիների հայացքի տակ, Մեղրագետի ափերին։ Բալուջայի 7—ամյա դպրոցն ավարտելուց աչքաբաց պատանին ուսումը շարունակել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Դասարանի, ամբողջ դպրոցի պարծանքն էր Աշոտը։ Չնայած դասարանում ամենափոքրն ու տկարն էր, սակայն խորհրդավոր ու թախծոտ աչքերում մի ամբողջ աշխարհ կարելի էր ընթերցել...

–Արտակարգ ընդունակությունների տեր տղա էր Աշոտը,–նախկին սանի մասին ափսոսանքով վերհիշում էր Արամ Մարտիրոսյանը։–Նա իր իմացությամբ հիացնում էր բոլորին։ Իսկ որքա՜ն զգայուն էր ու համեստ, ուսուցիչներիս նկատմամբ՝ ուշադիր։ Նրա նայվածքը, քայլվածքն անգամ սրտեր էին գերում...

Միջնակարգը գերազանց ավարտելուց հետո դպրոցի մանկավարժական խորհրդի երաշխավորությամբ Աշոտն ընդունելության քննություններ պիտի հանձներ Երեւանի պետական համալսարանում։ Որպես մանկխորհի ներկայացուցիչ՝ այստեղ էր նաեւ Ա. Մարտիրոսյանը։ Նա հուզմունքով հիշեց այն պահերը, որ սիրելի սանը բուհի ուսանող պիտի դառնար։

Ալեհեր պրոֆեսորը, որ ընդունելության քննությունների հանձնաժողովի նախագահն էր, հայացքով չափեց Աշոտին ու տարակուսանքով թոթվեց ուսերը.

–Այս երեխային ինչո՞ւ եք բերել։ Ուսանող դառնալու համար շատ չի՞ շտապում...

–Նա ճիշտ ժամանակին է եկել, մի՛ անհանգստացեք, պրոֆեսո՛ր։ Տարիքը համապատասխանում է, իսկ գիտելիքների իմացության վրա կարող եք բոլորովին չկասկածել,–բացատրեց Ա. Մարտիրոսյանը։

–Դե որ այդպես է, բալիկ ջան, մոտեցիր գրատախտակին,–ձեռքը մտերմաբար Աշոտի ուսին դրեց պրոֆեսորը։–Աթոռ դրեք, թող խոխան բարձրանա, բոյը չի հասնում գրատախտակին...

Բոլորը հիացել էին «փոքրիկ դիմորդի» խելացի պատասխաններով։ Եվ ամենից շատ՝ հանձնաժողովի նախագահը։ Ծերունազարդ պրոֆեսորը մոտեցավ, գրկեց, աթոռից իջեցրեց Աշոտին ու համբուրելով ճակատը, ասաց.

–Կեցցե՛ս, տղա՛ս։ Դու իսկական մաթեմատիկոս ես։ ...Ուսումնառության տարիներն այնքան արագ սահեցին, որ Աշոտն էլ չիմացավ, թե երբ եկան ավարտական քննությունները։ Ոչ, ամենեւին էլ անհոգ չէին այդ տարիները։ Դրանք լի էին արհավիրքներով, թշնամու կողմից բզկտված հայրենի հողի հառաչանքով։ Ու անհանգիստ էր սիրտն Աշոտի։ Ավարտական կուրսում սովորելու ժամանակ նա մի խումբ դասախոսների եւ ուսանողների հետ դիմեց զինկոմիսարիատ՝ կամավոր ռազմաճակատ մեկնելու համար։

Մերժեցին, ասացին՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը մեծ հույսեր է կապում իր հետ, եւ գիտության մարդ պիտի դառնա։ Ստուգարքային գրքույկում միայն «գերազանց» գնահատականն էր հիշատակված։ Վաղամեռիկ եղբոր գրքույկը հիմա էլ անձնական իրերի հետ խնամքով պահում է քույրը՝ Լիդան, որպես անմոռաց հուշ, որպես թանկագին մասունք։

Սկզբում սիրելի դասախոս Սերգեյ Մաշուրյանը զորակոչվեց, ով դեռ մեկ տարի չանցած, նահատակվեց ռազմի դաշտում։ Ապա Աշոտը մեկնեց, երբ նոր էր հանձնել ավարտական քննությունները եւ մաթեմատիկոսի (գերազանցիկի) դիպլոմ ստացել՝ երաշխավորվելով ասպիրանտուրայում սովորելու։ Սիրելի ուսանողին ընծայագրած գրքի առաջին էջում ընթերցում ենք. «Իմ լավագույն, շատ սիրելի ուսանող Աշոտ Նասիբյանին։ Սերգեյ Մաշուրյանից։ 5.06.41թ.»։

Ընծայագրից հետո անմոռանալի դասախոսի մասին իր մտորումներն էր թղթին հանձնել եւ Աշոտը.

«Երեւի շատերն են դիտել «Զանգեզուր» հիասքանչ կինոֆիլմը։ Հավանաբար, ձեր հիշողության մեջ թարմ է մնացել Մակիչի կերպարը։ Սերգեյ Մաշուրյանը պատմական Մակիչի («Զանգեզուրում») հարազատ եղբայրն էր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Նա կարճահասակ, բարեհամբույր մի երիտասարդ էր։ Բուհի այն առաջին դասախոսներից էր, որոնք թողեցին խաղաղ, ստեղծարար աշխատանքն ու կանգնեցին հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Թշնամու գնդակը խոցեց նրա սիրտը։ Եվ Տագանրոգի մոտ կտրվեց անվեհեր զինվորի կյանքի թելը։ Խոնարհում եմ գլուխս քո գերեզմանի առաջ, իմ անմոռանալի ուսուցիչ։ Աշոտ Նասիբյան։ 1.01.42թ.»։

Այսպիսի տողեր էր թողել Աշոտը ծոցատետրի էջերում, առանց գուշակելու իր մոտալուտ մահը։ Իսկ այն դաժանորեն վրա հասավ մայիսի 7—ին, երբ Մեծ հաղթանակին ընդամենը երկու օր էր մնացել։ Գվարդիայի մայոր Աշոտ Նասիբյանն իր գումարտակի զինվորներով մասնակցում էր Բեռլինի ազատագրման համար մղվող թեժ մարտերին։ Նա արդեն երկրորդ Կարմիր աստղի շքանշանին էր արժանացել։ Ու մարտի դադարի պահին Աշոտը հասցրեց նամակ—երկտող (բացիկների հետ միասին, որոնք այսօր էլ պահպանվում են նրա քույրերի մոտ) ուղարկել հարազատներին ու սիրած աղջկան՝ հիշեցնելով, որ պատերազմն արդեն մոտենում է ավարտին, եւ շուտով տուն կդառնա։

Հավատով գրեց նա այդ տողերը, սակայն... «տեր չկանգնեց» իր խոսքերին։ Իսկ հայրական հարկի տակ քեֆի պատրաստություն էին տեսել հարազատները, Երեւանում սիրած աղջիկը շարունակ ներս ու դուրս էր անում, սրտատրոփ պահում նրա ճամփան, ասպիրանտուրայում նրա անվամբ արդեն փաստաթուղթ էր լրացվել...

Մայիսը հաղթանակի զգեստ էր հագել ու պատրաստվում էր հրավառության տոնին։ Մինչդեռ հայրենական հանդերի կանաչ—ծաղկունքին, մոր եւ սիրած աղջկա համբույրին կարոտ նրա վիրավոր շուրթերը սեր էին տենչում։ Ու...

Այսպես, ահա 45—ին,

Բզկտված գարնան հրաշք զարթոնքին

Նա ձուլվեց հողին։

Ու ելավ որպես հավերժության կանչ,

Մի արնոտ կակաչ...

ՀԵՐՈՍՆԵՐԸ չեն մեռնում։ Հիրավի, այդպես է։ Նրանց սրտերը տրոփում են մեզ հետ, ու ամեն քայլափոխի զգում ենք նրանց շնչառությունը, ընթերցում թախծոտ հայացքների խորհրդավոր լռությունը, ունկնդրում նրանց հոգու կանչը։ Եվ հուշերը մեզ հանգիստ չեն տալիս, երակներում մեր շարունակ ինչ—որ անսովոր զգացում է խտուտ գալիս։ Դա անմահներին հավերժ հիշելու զգացումն է։ Նահատակների կարոտից այրվել—վառվելու զգացումը։ Բոլորին մեկ առ մեկ հիշելը յուրաքանչյուրիս պարտքն է։ Այդ զգացումը խոր արմատ ունի նաեւ Աշոտ Նասիբյանին ճանաչողների, նրա հարազատների, ընկերների, հայրենակիցների սրտերում։

Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում, ուր սովորել է Աշոտը, ստեղծված է փոքրիկ անկյուն, ուր տեղ են գտել նրա զինվորական լուսանկարը, անձնական իրեր, մասունքներ։ Նրա լուսանկարները տեղադրված են ծննդավայր Բալուջայի՝ Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին կառուցված փառքի հուշասրահում, Երեւանի պետական համալսարանի թանգարանում (դիպլոմի հետ միասին)։ Վաղամեռիկ կուրսընկերոջ հիշատակը վառ են պահում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի այն անդամները, ովքեր Աշոտի հետ գիտության միեւնույն դժվարին ու պատվաբեր ճանապարհն են անցել...

–Պատերազմն ավարտվելուց 10 տարի էր անցել,–հիշում է Աշոտի քույրը՝ Լիդան։–Անդառնալի կորստից դեռ կսկծում էին մեր վերքերը։ Հայկանուշ մայրիկիս խնդրանքով քրոջս հետ Երեւան էի գնացել՝ համալսարանի հանրակացարանից եղբորս տեղաշորը, հագուստներն ու անձնական մյուս իրերը (գրքերը, ստուգարքային գրքույկը եւ այլն) բերելու։ Իմանալով մեր ով լինելը, դասախոսներն ափսոսանքով արտահայտվեցին Աշոտի զոհվելու մասին։ Մենք լսել էինք, որ ուսումնառության տարիներին Աշոտը սիրած հարսնացու է ունեցել՝ Հեղուշ անունով։ Նրան գտանք գրադարանի ընթերցասրահում։ Ավելի ճիշտ՝ մեզ ցույց տվին, ձեր փնտրած Հեղուշն է՝ ասացին։ Մենք նստեցինք վերջին նստարանին եւ լուռ, արցունքը կոկորդի մեջ խեղդելով, սպասեցինք՝ մինչեւ բոլորը կթողնեն ընթերցասրահը։ Ոտից գլուխ սեւ էր հագել եղբորս հարսնացուն, մտախոհ հայացքը գրասեղանից չէր բարձրացնում։ Երբ պիտի փակվեր ընթերցասրահը, մենք դանդաղաքայլ մոտեցանք ու արտասվելով փարվեցինք նրան։ Հեղուշը շվարել—կանգնել էր մտամոլոր...

–Աղջիկներ, ի՞նչ է պատահել։ Ախր... ոչինչ չհասկացա,–փորձեց մեզ հանգստացնել նա։

–Ղարաբաղից ենք եկել,–փղձկացի ես։–Աշոտի քույրերն ենք...

Խոսքերն այս լսելուն պես Հեղուշը հանկարծակիի եկավ։ Նա հուզմունքից կորցրել էր իրեն...

–Հարազատներս, սիրելինե՜րս,–արցունքների միջից շշնջաց նա։–Ախր ինչո՞ւ այսպես հանդիպեցինք։ Այն օրվանից, ինչ լսել եմ Աշոտի զոհվելու մասին, օրս սեւ է, սիրտս՝ սեւ։ Ուրիշ էր, բոլորովին ուրիշ էր նա։

Տեւական լռությունից հետո Հեղուշը հուշեր պատմեց Աշոտի մասին։ Հրաժեշտի պահին նա փոքրիկ գրքույկի միջից երկու լուսանկար հանեց ու ասաց.

–Ո՞վ է իմանում՝ մեկ էլ երբ կհանդիպենք։ Որպես մասունք, այս լուսանկարներն են ինձ մոտ մնացել։ Այսօր սրտի դողով մեկը ձեզ եմ հանձնում, տարեք, թող Հայկանուշ մայրիկն էլ իր կարոտն առնի...

Ահա արդեն 75 տարի է, ինչ անձնական մյուս իրերի հետ քույր Լիդան խնամքով պահում է եղբոր զինվորական լուսանկարը, նրա մասունքները՝ որպես շարունակվող անմահություն, որպես ծաղկող հավերժություն։

Իսկ ծաղիկների առջեւ գլխարկ են հանում ու խոնարհվում...

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ստեփանակերտ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular